Դատավորների թիվը 20-ով կավելանա, ըստ Փաշինյանի, «բովանդակային բարեփոխումների համատեքստում»

Գործադիրն այսօր որոշեց դատավորների թիվը 20-ով ավելացնել։ Նախագծի հիմքում Դատական օրենսգրքի փոփոխություններն են, որոնց համաձայն՝ միջդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական գործերի հետ կապված քրեական մասնագիտացման առանձին դատավորների ինստիտուտ է ներդրվում։

Օրենքով նախատեսվում է առնվազն 8 դատավորով ավելացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, և ևս մեկական դատավոր էլ կլինի յուրաքանչյուր մարզում։

Վերաքննիչ քրեական դատարանում ևս մեկ կազմ կավելանա՝ երեք դատավորով։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատավորների թվի ավելացումը պետք է դիտարկել դատական համակարգում բովանդակային բարեփոխումների համատեքստում. «Մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը և մյուս կողմից նոր, թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, պայմանական ասած՝ մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները հենց իրենք իրենց բնույթով, էությամբ և ծագմամբ կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում և դրսևորում»։

Փետրվարի 3-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական այս փոփոխությունների փաթեթը նախագահն ուղարկել էր բարձր դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու համար, շեշտելով, որ նոր հաստիքների համալրման համար սահմանադրական օրենքով նախատեսվում են արտոնյալ պայմաններ։

Հունիսի 15-ին Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխան՝ չնայած դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի 15 էջանոց հատուկ կարծիքին, որտեղ բարձր դատարանի դատավորները ի թիվս այլ հիմնավորումների, գրել էին. «Դատարանների մասնագիտացումը չպետք է հանգեցնի դատավորների թեկնածուների կամայական կամ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ընտրության, որը կարող է վտանգել նրանց անաչառությունը»։

Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ասում է՝ ընտրված դատավորները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգում են անցնելու։ Գրավոր քննություն են տալու, Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույց են անցնելու, ապա՝ դասընթաց։ Բացատրեց, թե ինչու այսպիսով կստանան, ինչպես Փաշինյանն ասաց, իրենց երազանքների դատարանը։

«Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում, և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ», - նկատեց նա։

2018 թվականի թավշjա հեղափոխությունից հետո իշխանություններին ուղղված քաղհասարակության և որոշ ընդդիմադիրների հիմնական քննադատությունը վերաբերում էր հենց դատական համակարգում արմատական բարեփոխումների բացակայությանը։

Դատական համակարգում թավշյա բարեփոխումները ինչո՞վ են տարբերվելու արդեն պողպատյա բարեփոխումներից, նիստի ավարտին հետաքրքրվեցինք արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանից։

«Փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը», - պատասխանեց նա։ Իսկ հարցին՝ ներքին դիմադրություն տեսնո՞ւմ է, ասաց. «Ես այս պահին որևէ ներքին դիմադրություն չեմ տեսնում և դրա պոտենցիալը չեմ տեսնում։ Կոշտ գործելը պետք է իմաստ ունենա, այսինքն՝ ցանկացած այն դեպքում, երբ որ օրենքը թույլ է տալիս կոշտ գործել, պետք է կոշտ գործել նպատակին հասնելու համար, բայց դա ինքնանպատակ չէ»։

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը կարծում է՝ դատական ոլորտում տիրող կաստայական համակարգը, որում ընդգրկված է դատավորների մեծ մասը, հաղթահարել հնարավոր է միայն բուրգի վերին հատվածները ամբողջապես փոխելով. «Միակ լուծումը ես տեսնում եմ կադրային այնպիսի բարեփոխումների մեջ՝ փոփոխությունների, որոնք կվերաբերեն բարձրագույն դատական մարմիններին։ Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանին, Վերաքննիչ դատարանին և Վճռաբեկ դատարանին։ Այդ դատարանների կազմերի մեծ մասը պետք է փոխվի, ընդ որում ես առաջարկում եմ, որ դա արվի օրենքի այնպիսի փոփոխության արդյունքում, որից հետո հնարավոր կլինի դրսում դատավոր աշխատող մեր հայրենակիցներին հրավիրել, թեկուզ շատ ավելի բարձր աշխատավարձերով, քան այսօր է, դա էլ պետք է օրենքով ուրեմն հաստատվի, հրավիրել և նշանակել այդ պաշտոններում»։

Նախարարի պաշտոնակատար Բադասյանն այսօր անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանում ընդդիմության կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների վիճարկման գործընթացին: Հաստատեց՝ ՍԴ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը նաև ինքն է լինելու։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չի տեսնում:

«Ընդամենը մի պարզ վարժություն կարող ենք անել՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները կարող ենք բացել, կարդալ՝ այնտեղ ինչ գնահատականներ են տրվում ընտրություններին և համեմատել օրինակ՝ 17 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ», - ասաց Բադասյանը։

Սահմանադրական դատարանը միավորել է ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների և անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։ Քննությունը կմեկնարկի վաղը։