Եվրամիությունը Վրաստանին շուրջ 4 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհեիի համատեղ ասուլիսը Թբիլիսիում, 7-ը հուլիսի, 2021թ.

Եվրամիությունը Վրաստանին շուրջ 4 միլիարդ եվրոյի օգնություն կտրամադրի՝ հետհամաճարակային փուլում տնտեսական զարգացումը խթանելու և բնակչության սոցիալական պայմանները բարելավելու նպատակով։ Այս մասին չորեքշաբթի օրը Թբիլիսիում Եվրամիության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Նախ և առաջ, ես ցանկանում եմ անձամբ իմ, իմ ղեկավարած կառավարության և մեր ժողովրդի անունից անկեղծ երախտագիտություն հայտնել օգնության այն փաթեթի համար, որ տրամադրվում է մեր երկրին։ Դրա ընդհանուր ծավալը կազմելու է 3 միլիարդ 900 միլիոն եվրո, որից 1 միլիարդ 175 միլիոնը Վրաստանին կփոխանցվի դրամաշնորհի, մնացածը՝ վարկի տեսքով», - հայտարարում էր Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա երկրին մեղմել կորոնավիրուսի համաճարակի հետևանքները։

«Սա կոնկրետ մի ծրագիր է, որի իրականացումը է՛լ ավելի կամրապնդի մեր երկրի, մեր ժողովրդի կապերը Եվրամիության հետ։ Ստացվող գումարները կուղղվեն տրանսպորտային և էներգետիկ ենթակառույցների զարգացմանը, նոր խթան կհանդիսանան մանր ու միջին բիզնեսի, նաև գյուղատնտեսության համար։ Այս ամենն ի վերջո դրականորեն կանդրադառնա աշխատատեղերի ստեղծման, բնակչության եկամուտների աճի, մեր երկրի տնտեսության վերածնման վրա», - հայտարարում էր Ղարիբաշվիլին։

Օլիվեր Վարհեիի խոսքով՝ Թբիլիսիին տրամադրվող աջակցությունը առաջին հերթին հնարավորություն կտա կրճատել զարգացման տեմպերում առկա այն տարբերությունը, որ այսօր նկատվում է Վրաստանի և Եվրամիության միջև։

«Մենք հնարավորություն կտանք Վրաստանին ցատկ կատարել զարգացման մի քանի փուլերի վրայով՝ մեզ միանալով միանգամից այն մակարդակում, որում այժմ գտնվում է Եվրամիությունը։ Այս ծրագրի շնորհիվ Վրաստանը 3 միլիարդ 900 միլիոն եվրոյի ներդրում կներգրավի, ինչը հավասար է երկրի նախաճգնամային շրջանի ՀՆԱ-ի մեկ երրորդին», - հայտարարում էր հարևանության և ընդարձակման գծով ԵՄ հանձնակատարը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ ղեկավարները հաստատեցին Արևելյան գործընկերության անդամ պետություններին հատկացվող տնտեսական օգնության փաթեթը, որի ընդհանուր ծավալը հասնում է 17 միլիարդ եվրոյի։ Այդ գումարի մոտ 9 տոկոսը՝ 1,5 միլիարդ եվրոն առաջիկա հինգ տարիներին կհատկացվի Հայաստանին։