ՄԱԿ-ի զեկուցող. «Բելառուսում կիրառում են ամբողջատիրական երկրի մարտավարություն»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Բելառուսի հարցով հատուկ զեկուցող Անաիս Մարին, արխիվ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Բելառուսի հարցով հատուկ զեկուցող Անաիս Մարինն ասել է, որ Բելառուսում գործադրում են ամբողջատիրական պետությանը բնորոշ մարտավարություն:

Ժնևում տեղի ունեցած համաժողովում զեկուցողն ասել է, որ օդանավին վայրէջք պարտադրելով ընդդիմադիր լրագրողին ձերբակալելու փաստը վկայում է իշխանության տեսակետին հակասող որևէ տարր հասարակությունում արմատախիլ անելու ռեժիմի մտադրության մասին:

«Ես կընտրեմ «զտում» եզրույթը: Իշխանության տեսակետը չկիսող բելառուսներին հիմա առաջարկում են երեք հնարավորություն՝ ինքնագրաքննության ենթարկվել, դիմակայել դատական համակարգին, ինչը կարող է հանգեցնել ձերբակալության կամ լքել երկիրը, սա զտման ձև է, որը հատուկ է ամբողջատիրական երկրներին»,- ասել զեկուցողը:

Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, այսօրվա դրությամբ Բելառուսում կա մոտ 530 քաղբանտարկյալ, այդ թվում՝ նախագահության երեք նախկին թեկնածուներ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Բելառուսի հարցով հատուկ զեկուցող Անաիս Մարին ասել է, որ Մինսկը պարտավոր է առանց նախապայմանների և անմիջապես ազատ արձակել այդ մարդկանց: