Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության չափի վրա, ըստ հայաստանյան փորձագետների, էական ազդեցություն են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«Հետընտրական պրոցեսները և հատկապես Եվրամիության կողմից հնչող հայտարարությունների վրա հիմնվելով կարող ենք ասել, որ միջազգային դիտորդների գնահատականները ընտրությունների մասով իրենց ազդեցությունն ունեցել են նման փաթեթի մեծ ծավալի տրամադրման վրա: Սա թերևս կարևոր գործոն է եղել», - ասաց Եվրամիության հարցերով փորձագետ Իզաբել Շատոյանը:
«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ ԵՄ-ն ավելի քան մեկուկես միլիարդ եվրոն առաջին հերթին ժողովրդավարության խրախուսման համար է տրամադրում, ասում է՝ Հայաստանն այս ընտրություններով էլ ապացուցեց՝ ժողովրդավար երկիր է: Նախորդ անգամ՝ 2017-ին Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ն Հայաստանին 160 միլիոն եվրո աջակցություն էր տրամադրել։
«Արևմուտքի համար դա նաև շատ գնահատելի էր, որ նույնիսկ պարտվելուց հետո պատերազմում այս իշխանությունը, որ ուներ ժողովրդական քվեր, ժողովրդավարական ընտրությունների միջոցով էր ընտրվել, շարունակեց պահպանել իր մանդատը», - ասաց Խուրշուդյանը:
Արևմուտքը կարևորում է նաև 44-օրյա պատերազմից հետո առաջացած անվտանգային խնդիրների լուծումը։ Փորձագետը շեշտում է՝ տրամադրվող գումարի զգալի մասը Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է ուղղել պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանակից դարձած Սյունիքին. ԵՄ-ն 80 միլիոն եվրոյի աջակցություն է նախատեսում։
«Հետաքրքիր բառ է օգտագործվում՝ դիմադրողականությունը ամրապնդելու համար Սյունիքում, ո՞ւմ են դիմադրելու, բանականաբար, այնտեղ Ադրբեջանի ու Թուրքիայի վտանգն է: Որ շատ կարևոր է Հյուսիս-հարավ ճանապարհի կրճատման և թունելի կառուցման, գիտեք, որ խնդիր ունենք Քաջարանից Սիսիան ավելի կարճ ու ավելի անվտանգ ճանապարհ, ոչ Շուռնուխով անցնող, այլ այդ հատվածը շրջանցող ճանապարհը ամրապնդելու, մենք ունենք այդտեղ, բայց պետք է վերակառուցվի, թունելներ պետք է կառուցվի, բարեկարգվի, դա մեծ գումար է պահանջում, Եվրամիությունը տալիս է 600 միլիոն դոլար միայն այդ հատվածի համար», - ներկայացրեց Հովսեփ Խուրշուդյանը:
Այս աջակցությամբ Եվրամիությունը փորձում է առաջին հերթին տարածաշրջանում ամրացնել իր թուլացած դիրքերը, կարծում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Երկրորդ պատճառն, իհարկե, Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն են, որոնք ըստ երևույթի եվրոպական քաղաքական վերնախավի համար ընկալվում են որպես բարենպաստ քաղաքական միջավայր Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար», - նշեց Նավասարդյանը:
Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանին ավելի շատ աջակցություն տրամադրել, քան հարևան Վրաստանին ու Ադրբեջանին միասին։ Արևելյան գործընկերության անդամ 5 երկրներին՝ Ուկրաինային, Մոլդովային, Ադրբեջանին, Վրաստանին ու Հայաստանին ԵՄ-ն 8,7 միլիարդ դոլար է տրամադրելու։
«Ամենաշատը թերևս ստացել է Ուկրաինան 2,3 միլիարդ դոլար, հետո 1,94 միլիարդ դոլար Մոլդովան, նոր Հայաստանը 1,9 միլիարդ դոլար կամ ինչպես ավելի շատ տարածված է 1,5 միլիարդ եվրո: Մյուս երկրները՝ Ադրբեջանն ամենաքիչն է ստացել՝ 166 միլիոն դոլար, իսկ Վրաստանը՝ 4 միլիարդ դոլար», - ներկայացրեց Եվրամիության հարցերով փորձագետը:
Առաջիկա 5 տարիներին 1,5 միլիարդ եվրոյով Եվրոպական հանձնաժողովը Հայաստանում ծրագրում է հինգ առանցքային ոլորտում փոփոխություններ իրականացնել. աջակցել 30 հազար մանր ու միջին բիզնեսների` կայուն, նորարար և մրցունակ տնտեսության համար, խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-հարավ միջանցքին, ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը, ներդրումներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում, կանաչ Երևանի համար` էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանը ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ: