Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո քաղհասարակությունը դիմել է ընտրողների մեծամասնության քվեն ստացած իշխանություններին. երկրի առջև ծառացած մի շարք խնդիրներից ընդգծել են առաջնայինները և առաջարկել շուտափույթ լուծել դրանք՝ հետագայում նոր խնդիրներից խուսափելու համար։
«Այստեղ կա արմատական փոփոխությունների իրականացման մի ամբողջ անհրաժեշտություն, ըստ բնագավառի, առանց որոնց որևէ վստահություն, որ կարող է հաշվետու և թափանցիկ կառավարություն լինել, պատասխանատու կառավարում, պետական մարմիններում, այդ թվում նաև դատաիրավական համակարգում որևէ արմատական փոփոխություններ երաշխավորված չեն լինի, մեր համոզմամբ, եթե այս բնագավառների խնդիրներին լուծումներ չտրվեն, այն հիմնավորումներով և այն մոտեցումներով, որը մենք հայտարարությունում ներկայացրել ենք», - ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը:
Քաղհասարակության ներկայացուցիչները առանձնացնում են, օրինակ, անվտանգությունն ու իրավիճակը սահմանին, ռազմագերիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի հարցերը, սահմանադրական փոփոխությունները, դատական բարեփոխումները, անցումային արդարադատության իրականացումը, ձախողված կրթական համակարգն ու մի շարք այլ հրատապ հարցեր։
«Մեր ուղերձում, ըստ էության, վերահաստատում ենք այն բնագավառները, որոնցում չեն արվել և չեն իրականացվել համակարգային փոփոխություններ, արմատական, բովանդակային փոփոխություններ և վերահաստատում ենք: Մենք ոչ միայն վերահաստատում ենք, որ պետք է այս բնագավառներում այդ փոփոխությունները կատարվեն, այլ նաև հերթական անգամ պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես միշտ նաև մասնակից լինելու, ներկայացնելու մեր առաջարկները», - ընդգծեց Սաքունցը:
Սահմանադրական փոփոխություններ. այստեղ, օրինակ, առաջարկվում է մշակել նոր սահմանադրության նախագիծ՝ վերանայելով սուպերվարչապետական կառավարման մոդելը, ամրապնդելով հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները իշխանության ճյուղերի միջև, պետական մարմինների հաշվետվողականությունը օրենսդրին և հանրությանը, անկախ դատական իշխանության ձևավորումը և այլն։
«Գտել ենք ու գտնում ենք, որ դատական համակարգի, դատական իշխանության, արդարադատության հանդեպ հանրային վստահությունը վերականգնված չէ և պետք է արմատական և համակարգային փոփոխություններ իրականացվեր», - նշեց Արթուր Սաքունցը:
Հայտարարությանը միացած Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ ղեկավար Լևոն Բարսեղյանի խոսքով՝ իրենց բարձրացրած խնդիրների լուծման դեպքում բազմաթիվ ոլորտներում ճգնաժամերը կլուծվեն։
«Անցած երեք տարում էլ ենք նույն վարքը ունեցել՝ առաջարկել ենք, պահանջել ենք, մատնանշել ենք, քննադատել ենք սխալները, դրանք էապես անտեսվել են և դրա հետևանքով մի շարք ոլորտներում ճգնաժամը խորացել է: Օրինակ՝ արդարադատության ոլորտում կամ ապօրինի ակտիվների վերադարձի հարցը, եթե դրանք ժամանակին արվեին, զգալի սև փողեր կգային սպիտակ դաշտ, պետությունը ետ կստանար թալանված բազմաթիվ հարստություններ», - ընդգծեց Լևոն Բարսեղյանը:
Բարսեղյանն ասում է՝ քաղհասարակությունն իր աշխատանքն է կատարում՝ այսպիսով բարձրաձայնելով երկրում եղած բազմաթիվ խնդիրներից ընդամենը մեկ տասնյակը. «Հիմա ասում ենք՝ ձեռնամուխ եղեք դրանք արագ և որակով կատարելու, այլապես հետո նորանոր խնդիրներ են բացվելու»:
Իշխանություններին ուղղված հայտարարությունը ստորագրել են մոտ 3 տասնյակ հասարակական կազմակերպություններ։ Ընդգծում են՝ նշված անհետաձգելի խնդիրների անտեսումը կհանգեցնի ինչպես ներքաղաքական նոր առճակատումների, այնպես էլ արտաքին նոր սպառնալիքների։