Պեսկով․ «Ռուսաստանը չի պատրաստվում զորքեր մտցնել Աֆղանստան»

«Կրեմլը պաշտոնական Քաբուլի հետ չի քննարկում Աֆղանստանի տարածք ռուսական զորքեր մտցնելու հարցը», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այդ երկրում իրադրության շարունակվող թեժացումը։

«Այդ թեմայով որևէ քննարկում չի ընթանում», - հայտարարել է Պեսկովը։

Իրավիճակը Աֆղանստանում սրվել է այդ երկրից ամերիկյան զորախմբի դուրսբերմանը զուգահեռ։ «Թալիբան» շարժման զինյալները վերջին շաբաթներին լայնածավալ հարձակման են անցել՝ վերահսկողություն սահմանելով Ուզբեսկտանի և Տաջիկստանի հետ սահմանի մի շարք հատվածների նկատմամբ։

Տաջիկական աղբյուրների փոխանցմամբ՝ Աֆղանստանի կառավարական բանակի հազարից ավելի զինծառայողներ, նահանջելով «Թալիբանի» ճնշման ներքո, վերջին երկու օրերին հատել են պետական սահմանը և ապաստան են խնդրել Տաջիկստանի տարածքում։ Շարունակվում է նաև թալիբների հարձակումը Աֆղանստանի հյուսիսի խոշորագույն քաղաքի՝ Մազարի-Շարիֆի ուղղությամբ։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան, Իրանը և Պակիստանը, հաշվի առնելով իրադրության փոփոխությունը, որոշել են առժամանակ դադարեցնել այս քաղաքում գործող իրենց հյուպատոսությունների աշխատանքը։