Մեծ Բրիտանիայի բնակարանային և կոմունալ ծառայությունների, համայնքների և տեղական ինքնակառավարման նախարար Ռոբերտ Ջենրիկն այսօր ասել է, որ հուլիսի 19-ից սկսած բնակիչները կարող են այլևս չկրել դիմակներ:
«Անձամբ ես չեմ ուզում դիմակ կրել, կարծում եմ, շատերը չեն ուզի, մենք կթևակոխենք մի փուլ, որտեղ յուրաքանչյուրն ինքը կորոշի՝ կրել դիմակ, թե՞ ոչ, դա կլինի մի որոշում, որն արդեն կվերապահվի ոչ թե կառավարությանն, այլ անհատին», - ասել է նախարարը:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անցած շաբաթավերջին ասել է, որ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը հուլիսի 19-ից կչեղարկվի: Հուլիսի 19-ը բրիտանական մամուլում անվանել են «ազատության օր»:
Նախարար Ջենրիկի փոխանցմամբ, որոշ սահմանափակումներ դեռ կպահպանվեն, քանի որ վերջին շրջանում տարածվել է կորոնավիրուսի «դելտա» տարբերակը:
«Մենք պետք է հասնենք այն օրվան, որ յուրաքանչյուր չափահաս պատվաստված լինի, որովհետև դա է մինչև աշուն և ձմեռ այս վիրուսը հսկողության տակ վերցնելու միակ հուսալի միջոցը», - ասել է բրիտանացի նախարար Ռոբերտ Ջենրիկը: