Փախուստի դիմելով թալիբներից, Աֆղանստանի պետական բանակի ավելի քան 300 զինծառայողներ հատել են սահմանը և ապաստանել են հարևան Տաջիկստանում:
Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ աֆղանստանցի զինծառայողներն արդեն երեք շաբաթ շարունակ խմբերով տեղափոխվում են Տաջիկստան:
Միացյալ Նահանգների ղեկավարած միջազգային դաշինքի ստորաբաժանումների հեռանալուն զուգահեռ թալիբները վերջին շաբաթների շրջանում հսկողության տակ են վերցնում Աֆղանստանի շրջանները:
Վերլուծաբանները չեն բացառում, որ Աֆղանստանի ներկայիս կառավարությունը կկորցնի իշխանությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ ասել է, որ Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել և անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ սահմանն ամրապնդելու համար:
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել է Ուզբեկստանի և Տաջիկստանի բարձրաստիճան դիվանագետների հետ և քննարկել է Աֆղանստանի թեման: