Կորոնավիրուսի «դելտա» տարբերակի դեմ Գերմանիայում կիրառելու են տարբեր վակցինաների համադրություններ

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, արխիվ

Կորոնավիրուսի խիստ վարակիչ «դելտա» տարբերակի տարածումը զսպելու համար Գերմանիայում որոշել են համատեղել տարբեր պատվաստանյութեր:

Բժիշկներն առաջարկում են առաջին ներարկման համար օգտագործել AstraZeneca, իսկ երկրորդի համար BioNTech/Pfizer կամ Moderna վակցինաները: Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանի փոխանցմամբ, այդ համատեղումը կարող է ավելի հզոր պաշտպանություն տալ «դելտայի» տեսակի դեմ:

«AstraZeneca-ի և BioNTech-ի միակցումն առնվազն նույն պաշտպանությունն է տալիս, որն ապահովում է միայն BioNTech-ը, որոշ դեպքերում` նույնիսկ ավելի հզոր: Դա նշանակում է, որ AstraZeneca-ի, BioNTech-ի և Moderna-ի վակցինաներով կարելի է լրացուցիչ տարբերակներ կազմել, և դրանք կտան շատ հզոր պաշտպանություն»,- ասել է առողջապահության նախարարը:

«Դելտայի» տարբերակը լուրջ խնդիր է դարձել Բրիտանիայում, ենթադրվում է, որ առաջիկայում այն տարածում կունենա նաև Գերմանիայում:

Նախարար Շպանը հավաստիացրել է, որ Գերմանիայում կան անհրաժեշտ դեղաբաժիններ վակցինաների տարբեր համադրություններ կիրառելու համար: