Հայաստանի պետական կամերային երգչախումբը մի հրաշալի համերգով մասնակցել է Ռավեննայի հեղինակավոր միջազգային փառատոնին, որն այս տարի նվիրված է իտալացի մեծագույն բանաստեղծ Դանթե Ալիգերիի մահվան 700-ամյա տարելիցին: Հուլիսի 1-ին Հայաստանի պետական կամերային երգչախումբը` աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, հանդես եկավ Քերուբինիի նվագախմբի հետ՝ ներկայացնելով Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները, նաև Տիգրան Մանսուրյանի նորաստեղծ, հատուկ այս փառատոնի համար գրված «Քավարան» ստեղծագործությունը:
Հայ-իտալական այս աննախադեպ համագործակցությունը այսօր աշխարհի մեծագույն դիրիժորներից մեկի՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ այսքանով չի սահմանափակվում: Երեկ Ռիկարդո Մուտին իր ղեկավարած Քերուբինի նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ ժամանեց Հայաստան, իսկ վաղը երեկոյան՝ հուլիսի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում մեր երաժշտասերներին նրանք կներկայացնեն այն նույն համերգը, որը 3 օր առաջ տեղի է ունեցել Ռավեննայում:
Այս երեկո էլ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային պետական նվագախումբը` Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես կգա համերգով՝ «Ի նվիրումն և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավեննա փառատոնի» խորագրի ներքո:
Երեկ փորձից հետո մեր զրույցի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը շեշտում էր. «Ռիկարդո Մուտին իր նվագախմբով գալիս է Հայաստան: Այցը բացի ամեն ինչից, շատ բարեկամական այց է, և հիմա հենց այս պահին Ռավեննայի փառատոնն ընթացքի մեջ է Ռավեննայում, և իրենք այդ մի համերգը փառատոնի անում են մեզ մոտ, նվիրում են մեր երկրին: Այսինքն` Մուտին, կարծես, բարեկամության ձեռք է մեկնում մեզ, և մենք էլ դրանից մեկ օր առաջ, որին հույս ունեինք, որ Մուտին` որպես ուկնդիր ներկա է լինելու, և դա, իհարկե, հրաշքով կլինի, մեր համերգը նվիրում ենք արդեն Ռիկարդոի Մուտիին և Ռավեննայի փառատոնին: Իսկ Մուտին մի դիրիժոր է, որ ներկայացնելու կարիք չունի, երաժշտության պատմության մեջ ամենաբացառիկներից մեկն է իր անունը, որ միշտ դիրիժորության պատմության մեջ արդեն գրվել է և միշտ կգրվի: Եվ, իհարկե, իմ մանկությունն է, ես դրանով մեծացել եմ, ամեն օր մեր տանն է եղել իր ձայնագրություններով կամ իր տեսագրություններով փոքր երեխա ժամանակվանից, երբ որ ես նույնիսկ դիրիժորությամբ չէի էլ զբաղվում:
Շատ թանկ է ինձ համար, և ես աշխատել եմ իմ ընկերների հետ այս ծրագրի վրա երկու տարի: Քանի որ մենք հույս ունեինք, որ անցյալ տարի մայիսի 1-ին այդպիսի օր կար նշանակված, որ նույնիսկ Մուտին մեր նվագախմբի հետ էր հանդես գալու, բայց պանդեմիայի պատճառով դա հետաձգվեց: Հիմա, երբ վերականգնեցինք բանակցությունները, իտալական կառավարությունը ուզեց նաև ֆինանսավորել, որ օրկեստրը գա»:
Շարունակելով Էդվարդ Թոփչյանը հայտնեց նաև. «Նույնիսկ ամսի 3-ին ծրագրված էր, որ մեզ հետ էլ ինքը կամ համերգ կտա, կամ բաց փորձ կանի, բայց չի ստացվում, որովհետև ինքը շատ ուշ է գալիս Հայաստան, և ամսի 3-ին երկու փորձ ունի նվագախումբը: Ամսի 4-ի համերգն էլ պետք է տեսագրվի, ձայնագրվի, և իրենք որ տեսել էին մեր արած Բեթհովենի ձայնագրությունները Մարինյան թատրոնի խմբի, այնքան էին հավանել, որ անպայման ուզեցին, որ Մարինյան թատրոնը գա և նկարի իրենց համերգը Երևանում, և ուրեմն Մարինյան թատրոնն էլ է այստեղ լինելու` ձայնային ռեժիսորի հետ` 15 հոգանոց հայտնի խումբը, որ արդեն երրորդ անգամ է գալու Հայաստան: Այս անգամ նկարելու է մեր ամսի 3-ի համերգը և Մուտիի ամսի 4-ի համերգը:
Երևի այդ մակարդակի երաժշտասերներ Հայաստանում քիչ են մնացել, բայց ով որ գիտի Ռիկարդո Մուտիին իրականում, գիտեն բոլորը, բայց կարծում եմ, որ սա բացառիկ իրադարձություն է»:
Հարցին, թե ուղե՞րձ է աշխարհին Մուտիի գալը այստեղ, Էդվարդ Թոփչյանն արձագանքեց. «Ես ընդհանրապես Մուտիին մոտիկից չեմ ճանաչում, չնայած մի երկու անգամ կարճ բախտ վիճակվել է զրուցել հետը, բայց ես միշտ նկատել եմ, որ ինքը մի քիչ ծանր ու խիստ մարդ է, չնայած շատ հումորով է: Բայց երբ կարդացել եմ իր գրքերը կամ լսել եմ իր ելույթներն ու ուղերձները որոշ համերգներից առաջ, նկատել եմ, որ ինքը մեծ հումանիստ է: Սա ակնհայտորեն երևում է: Եվ, այո, կարծում եմ, որ հումանիստական քայլ է: Նաև չեմ ուզում առաջ ընկնել, բայց կարծես շատ լավ համագործակցություն է սկսվելու հայկական երաժիշտների և Ռավեննա փառատոնի միջև, արդեն սրանք հրաշալի լուրեր են հայկական երաժշտական աշխարհի համար: Հուսամ, որ մենք սրան ավելի մեծ շարունակություն ենք տալու»: