Սիբիրախտի նոր օջախ Իսահակյան գյուղում. գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել

Սիբիրախտը Գեղարքունիքի մարզի Վանևան ու Տորֆավան գյուղերից հետո այժմ էլ հասել է Շիրակի մարզի Իսահակյան գյուղ ։ Գյուղ ելումուտը հսկողոության տակ է։ Անասունների անկմանը զուգահեռ, 7 հոգի այս գյուղից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է՝ մաշկի խոցերով։

«Մեծամասնությունը զվաղվել է մորթով, մսեղենի մշակումով», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարակաբան Կարինե Տոնոյանը։
Նրա խոսքով, սուր վարակիչ սիբիրախտի ցուպիկներն ագրեսիվ են, ավշային հանգույցներով կարող են տարածվել ու արյան վարակման հասցնել մարդուն։ Բարեբախտաբար, Իսահակյանի բնակիչների վիճակը լավ է, նրանք ապաքինվում են։

Սիբիրախտի առաջին դեպքերը գյուղում արձանագրվցին հունիսի 29-ին, երեկ առավոտյան անասնագոմում կախվել է Իսահակյանի անասնաբույժը ՝ 70- ամյա Ռուստամ Սիմոնյանը։
Գյուղի միակ անասնաբույժի ինքնասպանությունն արդյո՞ք կապ ունի վարակի տարածման հետ։ Իսահակյանցիները նրան միայն գովում են։
Սիբիրախտի դեմ պատվաստում անասնաբույժներն են անում սովորաբար գարնանը։ Պատվաստման դեպքում կենդանին իմունիտետ է ձեռք բերում ու պաշտպանվում իր համար սպանիչ ախտից։

Գյուղում ասում են ՝ պատվաստում եղել է. - «Ամեն ինչն էլ ժամանակին եղել է»։
Կենդանիների հակահամաճարակային միջոցառումները համակարգում է Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը,։ Այստեղից տեղեկացրին, որ Իսահակյան գյուղի 1169 անասուններից պատվաստվել են ընդամենը 320-ը։ Պատվաստանյութի չօգտագործված խմբաքանակը տեղում է եղել։ Այժմ գյուղում սպասողական վիճակ է. բոլոր կենդանիները պատվաստվել են, ու եռօրյա ժամկետում պարզ կդառնա՝ կապրեն անասունները թե ոչ։

«Եթե երեք օրվա ընթացքում նորից անկումներ չլինեն… եթե կա հիվանդ անասուն, սատկի պըտի», - ասում է Իսահակյան համայնքի ղեկավար Արտավաղդ Արսենյանը։
Հունիսի կեսից սիբիրախտի դեպքեր սկսեցին Գեղարքունիքի մարզի Տորֆավանում, հետո Վանևանում։ Վանևանի բուժքույրն ամեն օր մարդկանց տներով է անցնում, ջերմություն չափում, ձեռքերն է ստուգում։ «Սևացած երևույթներ եմ նկատել մատերի վրա, ուղարկել ենք», - ասում է Վանևանի բուժքույր Սաթենիկ Պետրոսյանը։
Այս գյուղից 5 հոգի հիվանդանոցում է, Մխիթար հովհաննիսյանն էլ կգնա շուտով. - «Էգուց ես իմ տեղաշորով, բանով պըտի էթամ պառկեմ»։
Մխիթարի ձեռքին մուգ վերքն է՝ սիբիրյան խոցը , կովը հիվանդոտ էր, մորթեց , անձամբ մշակեց։ Ձեռքի վրա մաշկային վնասվածք կար, այդտեղով էլ վարակն անցավ։

Նա ասում է, թե չի պատկերացրել, որ կենդանին սիբիրախտից էր այդպես հիվանդոտ։ Լավ է, ասում է, միսը չեն կերել։

Հովհաննիսյանների 5 գլուխ անասուններից մի երեք ամսական հորթուկ է մնացել. - «Մեկի ողնաշարն ա ջարդվել, մեկը կապով ա ընկել, խեղդվել, էրկուսն էլ էս հիվանդությունով սատկավ»։
Վանևանում 20 կով ու 4 ոչխար է սատկել սիբիրախտից։

8 կով ասլանյանների գոմից. դրանց արդեն վառել են գյուղի վերևի հատվածում։ Ռուզաննա Սսլանյանն ասում է, որ ևս 7-8 ջերմող վատառողջ կով ունեն, դաշտ են ուղարկել, որ դրանց տապալումը չտեսնեն. - «Էլ չենք ուզում տենանք։ Որ սատկում ա, գոնե թող դուրսը սատկի»։
Ասլանյանները անասնապահությամբ են զբաղվում, 80 կով ունեն։ հաստատում են՝ աշնանը բոլորը պատվաստվել են, բայց երբ հարևան Տորֆավանից վատ լուրեր եկան, անասնաբույժին կրկին հրավիրեցին. - «Ինքը բերել ա հիսուն գլխի համար սիջուկը սիբիրախտի համար, ութանասում գլուխ ա պատվաստել։ Էտի չի՞ լինում թույլ դոզա…»

Ասլանյանները արծում են, որ պատվաստանյութն այն չի եղել։ Արտավազդ Ասլանյանը հիշեցնում է, որ մի կովը 350-500 հազար դրամ արժե, գյուղվարկ է վերցրել, համարյա խելացի այս գոմը կառուցել։ Ինչպես հիմա վարկը փակի, երբ կենդանիները հերթով սատկում են։

Արտավազդը ապավինում է պողպատե մանդատին. - «Մեր Փաշինյանի պողպատե մանդատ որ ասում ա, էն ծերի աստղան ծիլի չափ էլ իմ ներդրումը կա էդ մանդատի մեջ։ Խնդրում եմ էս հարցը բարձրաձայնվի, գոնե ինքը տեղյակ ըլնի։ Դրանից հետո փոխհատուցում կանի՝ կանի, չի անի՝ իրան էլի հաջողություն»։
Վանևանում փոխհատուցում են ուզում կորցրած կովերի ու ոչխարների դիմաց. կաթի մթերումն արգելվել է, ամեն օր փող են կորցնում։ Մի աջակցություն էլ այստեղ են խնդրում։ Սառցախցերի մսամթերքը թափել են, անորոշ սպասողական վիճակում են։ Սիբիրախտ վանևանում 9 տարի առաջ էլ էր գրանցվել։ Համայքնապետ Հարությունյանը ենթադրում է, որ վարակի օջախ կարող են լինել ճահճային տարածքները . - «Ստեղ ճահճուտոտ տեղեր ունենք, որ հիմնականում այդտեղ են արածում անասունները։ Մեր վարկածը տենց ա։ Մենք սանէպիդկայանից կանչել ենք, տարել ենք, հողերից անալիզ են վերցրել»։
Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են մնալ մինչև 150 տարի: Գյուղացիները հնարավոր պատճառ են համարում նաև չոր, երաշտային եղանակը. կենդանիները արածելու խոտ չեն գտնում, հողն են ուտում, ու եթե լիարժեք էլ չեն պատրաստվել՝ վարակը պատրաստ է։
Տեսչական մարմինները հողից, ջրից, անասուններից նմուշներ են վերցրել։ Պատասխաններին անհամբերությամբ չեն սպասում, քանի որ արդեն պարզ է, որ խոսքը սիբիրախտի մասին է։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչն ասում է՝ ամեն ինչ արվում է, որ վարակի օջախներից կաթ , մսամթերք շուկա դուրս չգա, մինչև անասունների վիճակը կայունանա։