Չինական պատվաստանյութերի մեկ միլիոն դեղաչափն արդեն Վրաստանում է

Չինական արտադրության «Սինոֆարմ» և «Սինովակ» տեսակի պատվաստանյութերի մեկ միլիոն դեղաչափ կազմող խմբաքանակը այսօր ժամանել է Թբիլիսի, ինչը թույլ կտա արդեն մոտ ապագայում սկսել Վրաստանի բնակչության զանգվածային պատվաստումը: Մի քանի ժամ առաջ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրացական կառավարության ղեկավարի խոսքով` արդեն իսկ ձևավորվել են բժիշկներից կազմված 450 խմբեր, որոնք կտեղակայվեն երկրի ողջ տարածքում՝ պատվաստումներ իրականացնելու նպատակով։ Ղարիբաշվիլիի տեղեկացմամբ` առաջիկա շաբաթներին Վրաստան կառաքվի չինական պատվաստանյութի ևս մեկ միլիոն դեղաչափ։

«Բացի այդ, առաջիկա մեկ ամսում մենք կստանանք նաև Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։