Ըստ ՀՔԾ-ի՝ հաստատվել է՝ Արջուտի բնակչուհին «Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է առաջարկել համագյուղացիներին

Ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Ըստ ՀՔԾ-ի՝ հիմնավորել է, որ հունիսի 20-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Արջուտ գյուղի բնակչուհի Ն. Ա.-ն իր համագյուղացիներին առաջարկել է տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես, ծառայությունը նշում է, որ Ն. Ա.-ն, ում գործատուն` «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության բաժնետիրոջ որդի Ս. Հ.-ն, նույնպես առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով 2021 թվականի հունիսի 18-ին իր համագյուղացուն անձամբ առաջարկել է 10.000-20.000 դրամ կաշառք, սակայն վերջինս մերժել է: Այնուհետև Ն. Ա.-ն իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և արտահերթ ընտրություններին նույն դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար որպես առավելություն խոստացել է զիջել նախկինում իր կողմից մատուցած ծառայությունների արդյունքում գոյացած 7 հազար 500 դրամի չափով պարտքը:

Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: