Սլավիկ Միկոյանն անելանելի դրության մեջ է, ասում է՝ տարեկան շուրջ 7 մլն դրամի ներդրում է անում ծիրանի այգու վրա, բայց այս տարի գրեթե զրկվել է 25-ից 30 մլն դրամի շահույթից։
Նա պատմեց՝ այգիների հարևանությամբ գործող պեռլիտի գործարանից արտանետվող փոշին մեծ վնաս է հասցնում ծիրանենիներին, բերքը փչանում է, եղածն էլ չի վաճառվում, որովհետև վրայի սպիտակ փոշին գրեթե չի մաքրվում։
«Օբսիդիան հատկություն ունի էդ ավազի հետ, որ խառնվում է, անմիջապես շուշա է հետը, որ փոշին նստում է տերևներին, արևն էլ տալիս է, սկսում է այրել, տերևներն էլ , որ այրվեցին, էլ ինքը չի կարում շնչել, ինչքան ուզում ես սրբի, արանքներում մնում է, լվանում ես էլի մնում է։ Հիմա սրա մեջն էլ կա․ էդ փոշու հատիկները խոշորացել են, ծակոտիների մեջը փակվել են ու մեջը մնացել են», - ասաց Միկոյանը։
Արագածոտնի մարզում գործող պեռլիտի գործարանում բաց եղանակով արդյունահանվող պեռլիտի քարերից փոշի են ստանում ու վաճառում։
Գործարանի տարածքին մոտ գտնվող այգիների սեփականատերերը բողոքի ակցիա էին օրերս կազմակերպել։ Ցույց տալով փոշու սպիտակ շերտն՝ ասում էին՝ բավական է մի թեթև քամի ու իրենց այգիները պատվում են այդ փոշով։
Ներկայանալ չցանկացող այգետերերից մեկն ասաց՝ երկու տասնամյակ էլ ինքն է այգի տնկել, գումար աշխատել, բայց ստիպված է կրկնակի ծախս անել, որ ծառերն ավելի հաճախ լվանա, որ հնարավոր լինի գոնե մասամբ ազատվել փոշուց։ Բացի այդ, ըստ զրուցակցիս, կովերն էլ տարածքի խոտերը չեն ուտում, այսինքն՝ այգիներից հավաքված խոտն էլ է անպիտան դառնում․ - «Անասունին բերում ես արածացնելու, չի ուտում, էդ տարածքի խոտերը չեն ուտում, ու կամաց-կամաց էլ, տեսաք, որ չորացել է, ոչ մի բան չկա։ Չորս-հինգ տարի կլինի անընդհատ տարբեր տեղեր դիմել ենք, ոչ մի արդյունք»։
Այգետերերն ասում են՝ եթե նախկինում հենց այգուց էր ծիրանը վաճառվում ու արտահանվում արտերկիր, ապա այսօր ծիրանի ու ծառի վրա սպիտակ փոշին տեսնելով՝ գնորդները հրաժարվում են։
Ըստ 45-ամյա Սլավիկ Միկոյանի՝ իրենք ստիպված բերքն ուղղակի փռում են խոտերին, թողնում փափկի, որ թեկուզ շատ էժան գնով կարողանան վաճառել հյութ արտադրող գործարաններին։ «Այդ պարագայում գոնե ծիրանը բարձր ջերմամշակում է անցնում ու անվտանգ է դառնում»,- ասաց զրուցակիցս, ընգծելով, որ սեփական բերքը վաճառքի չի հանում, անգամ իր երեխաներին է արգելել ուտել։
«Եթե 30-ից 40 տոննա բերքը պետք է տանեմ 60 դրամով հանձնեմ, 30-ից 40 հազար դոլարանոց գործը դառնում է 2 հազար դոլարի, իսկ աշխատուժն աշխատում է, իրա գումարը ստանում է։ Այս ամեն ինչի պատճառը փաստացի էդ փոշին է», - ասաց Միկոյանը։
Բողոքներից հետո փոշու կույտերի վրա գործարանից ջուր են լցնում, որ քամին այն օդ չբարձրացնի։ Այգետերերի կարծիքով՝ դա ժամանակավոր լուծում է, ասում են՝ ուրախ են, որ գործարանում իրենց համագյուղացիներն են աշխատում, գործ ունեն, բայց նեղսրտում են՝ իրենք ի՞նչ անեն, որ չտուժեն։
«Արագած պեռլիտ» գործարանի գործադիր տնօրեն Էդիկ Ամիրխանյանն «Ազատության»-ն ասաց՝ 30 տարի առաջ նույն գործարանից ավելի շատ փոշի էր դուրս գալիս, իրենք շատ մեծ գումարներ են ծախսել, համապատասխան տեխնիկա գնել, ինչի շնորհիվ արդեն 4 ամիս է փոշին գրեթե նվազել է։
«Էդ գործարանը փոշի է արտադրում, շոկոլադ չենք արտադրում։ Համբերում եք ևս մի10-15 օր և ես էդ տարածքը լրիվ պարսպապատում եմ, վրեն լրիվ փակում եմ և կանաչապատում եմ, էդ գործարանի փոշու մասին կմոռանան։ Նման բան գոյություն չունի, որ վնաս է տվել իրենց և իրենք չեն կարողանում իրենց բերքը վաճառել», - ասաց Ամիրխանյանը։
Այգու սեփականատերերի բողոքի հետքերով Արագածոտնի մարզի Արագածավան գյուղ են գանցել նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ու հենց տեղում ստացել նրանց գրավոր դիմում-բողոքները։
«Ինչի հիման վրա նախատեսվում է իրականացնել ստուգում։ Խնդիրն այս պահին գտնվում է տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Ստուգման արդյունքների ամփոփումից հետո կկարողանանք տալ լրացուցիչ տեղեկատվություն», - «Ազատությանն» ասաց տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Նաիրա Աղաբաբյանը։