30 տարի առաջ լուծարվել է Վարշավյան ուխտը

Բողոքի ցույց Չեխոսլովակիայում սովետական բանակի ներխուժման դեմ, Վացլավի հրապարակ, Պրահա, 21 օգոստոսի, 1968թ.

Ճիշտ 30 տարի առաջ տեղի է ունեցել աշխարհքաղաքական կարևոր իրադարձություն, որը վճռորոշ ազդեցություն է գործել 20-րդ դարի վերջին տասնամյակի պատմական բոլոր զարգացումների վրա և մնում է ուժերի այսօրվա հարաբերակցության հիմքում:

1991 թվականի հուլիսի 1-ին լուծարվել է Վարշավյան ուխտը՝ սոցիալիստական պետությունների բանակների միավորումը:

Այն 1955 թվականի մայիսի 15-ին կազմել են Խոհրդային Միությունը, Ալբանիան, Բուլղարիան, Չեխոսլովակիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (Արևելյան Գերմանիա), Հունգարիան, Լեհաստանը և Ռումինիան:

Կրեմլի ղեկավարները եվրոպական սոցիալիստական պետությունների ղեկավարների հետ որոշել են կազմել Վարշավայի դաշինքն այն բանից հետո, երբ Փարիզում ՆԱՏՕ-ի պետությունները Հյուսիսատլանտյան դաշինք են ընդունել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը (Արևմտյան Գերմանիա):

Վարշավյան ուխտի պաշտոնական անվանումն էր «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր», իսկ նշանաբանն էր՝ «Խաղաղության և սոցիալիզմի միություն»:

Աշխարհում ստեղծված երկու ռազմական գերհզոր դաշինքների՝ ՆԱՏՕ-ի և Վարշավյան ուխտի թեժ պայքարը երեք և կես տասնամյակ է տևել, այդ շրջանն անվանել են նաև «սառը պատերազմի» տասնամյակներ:

Դա ոչ միայն ռազմական երկու հայեցակարգերի, այլ նախևառաջ իրարամերժ գաղափարախոսությունների մրցակցություն էր:

Արևմտյան դաշինքի երկրները դավանել են ազատ շուկայի և մարդու անհատական ազատությունների արժեքները, Մոսկվայի կազմած դաշինքն էլ պաշտպանել է կոմունիզմի գաղափարները:

Վարշավյան ուխտի համար մեծ փորձություն է դարձել 1968 թվականի «Պրահայի գարունը»: Համոզվելով, որ Չեխոսլովակիայում սոցիալիստական իշխանակարգը պարտվում է սեփական ժողովրդի հետ գաղափարախոսական պայքարում և կարող է զիջել դիրքերը՝ Խորհրդային Միության առաջնորդած Վարշավյան պայմանագրի բանակները ներխուժել են Չեխոսլովակիա:

Ռումինիան և Ալբանիան հրաժարվել են միանալ այդ արշավանքին, Ալբանիան1968-ին դուրս է եկել Վաշավյան պայմանագրից: Կոմունիստները խեղդել են չեխերի և սլովակների ապստամբությունը:

Սոցիալիստական երկրներն ու նախևառաջ Սովետական Միությունը միլիարդավոր գումարներ են ծախսել Արևմուտքի հետ ռազմատեխնիկական մրցակցությունը տանուլ չտալու համար:

Դա չէր կարող չվատթարացնել սոցիալիստական երկրների տնտեսական և սոցիալական վիճակը: Ի վերջո, սոցիալիստական աշխարհակարգը սկսել է փլուզվել:

1990 թվականին Արևելյան Գերմանիան դուրս է եկել Վարշավյան պայմանագրից: Սովետական միությունում քաղաքական և ազգամիջյան ցնցումներ էին, տնտեսությունն աննախադեպ ճգնաժամի մեջ էր:

1991 թվականը դարձել է ճակատագրական, հուլիսի 1-ին լուծարվել է Վարշավյան ուխտը, օգոստոսի 19-ից 22-ը տեղի է ունեցել հայտնի «պուտչը», որը վկայել է ԽՍՀՄ անհույս վիճակի մասին:

Դա արդեն հոգեվարք էր, դեկտեմբերին 8-ին կնքվել է Բելովեժյան համաձայնությունը, դեկտեմբերիը 26-ին տեղի է ունեցել այն, ինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետագայում անվանել է «20-րդ դարի աշխարհքաղաքական աղետ»՝ Խորհրրդային Միությունը հայտարարվել է լուծարված: