Հարությունյանը անհայտ կորած զինծառայողների հարազատներին ներկայացրել է որոնողական աշխատանքների ընթացքը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների։

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որոնողական և այդ ուղղությամբ տարբեր խողովակներով իրականացվող աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտներն ու խնդիրները։

Արցախի նախագահն ընդգծել է, որ կառավարությունը, սերտ համագործակցելով Հայաստանի կառավարության և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հետ, անում է հնարավորն անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

«Արցախի իշխանությունների համար գերիների վերադարձման ու անհայտ կորած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցը շարունակում է մնալ թիվ մեկ օրակարգային խնդիրը և այդ ուղղությամբ գործադրվում են բոլոր միջոցները դրական տեղաշարժ ունենալու համար», - հավաստիացրել է նախագահը: