Համազգայինի «Փափլիկը» ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել Մոսկվայում

Անտոն Չեխովի անվան մոսկովյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի մասնակիցներից մեկն է եղել Հայաստանի Սոս Սարգսյաննի անվան Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ, որը հրաշալի տպավորություն է թողել հանդիսատեսի վրա:

Թատերախումբը երեկ է վերադարձել Մոսկվայից, իսկ այսօր հրավիրած ասուլիսին Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասրադյանը շեշտեց. - «Այս տարվա հունիսի 24-ին մենք մեկնել ենք և 26-ին, 27-ին խաղացել ենք Մոսկվայի Մեյերխոլդի անվան կենտրոնում Մոպասանի «Փափլիկը» ներկայացումը, բեմադրությունը Նարինե Գրիգորյանի։ Կազմը մեծ եղել, ներկայացումը ծավալուն, մեծ ներկայացում է, ոչ քիչ դերակատարներով, և, ինձ թույլ չեմ տա, համեստությունս թույլ չի տա, որ հնչեցնեմ էն խոսքերը, որ հնչել են մեր հասցեին... համենայն դեպս, շատ ոգևորիչ էին, հուսադրող ու պարտադրող։ Եվ վերջին օրը մեզ բեմում հավաքեց փառատոնի գլխավոր տնօրենը և ասաց, որ դուք էնքան տաղանդավոր եք, էնքան լավն եք, որ մենք չենք ուզում ձեզնից բաժանվել, ուստի կա մի փառատոն, որը նոր փառատոն է՝ Վլադիվոստոկի խաղաղօվկիանոսյան միջազգային առաջին փառատոնը, որի հեղինակը Եվգենի Միրոնովն է։ Եվ մեզ հրավիրեցին այս փառատոնը, իր խոսքերով ասած՝ զարդարելու»։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով, իրենց համար իրոք անակնկալ էր ոչ միայն այս նորաստեղծ փառատոնին մասնակցելու հրավերը, այլև հենց Չեխովի անվան հեղինակավոր միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավերը. - «Իսկապես ֆուռոր էր։ Շատ շնորհակալ եմ բոլորին՝ մեր Թատերական գործիչների միության, մեր դերասաններին, բեմանկարչին, հատ-հատ բոլորին, ովքեր մեզ հետ էին։ Իրականում այդ հեռանկարը, որ բացվում է, դու հասկանում ես, որ նորից նոր հորիզոններ կան։ Միշտ թվում է, որ ահա հորիզոնը փակվում է, էլ ի՞նչ կարող ես տեսնել, ու հանկարծ ավելի մեծ հորիզոն է տեսնում։ Երեկ արդեն նամակ են գրել Մոսկվայից, հանդիսատես է, ասում է՝ մենք գալու ենք Երևան, ուզում ենք գալ ձեր թատրոն, միայն ուզում ենք հասկանալ լեզվի խնդիր կա թե չկա։ Ուզում եմ ասել, որ հանդիսատեսն էլ կարելի է ընդլայնել...»

Համազգայինի մասնակցությունը չեխովյան փառատոնին ամբողջովին ֆինանսավորվել է փառատոնի կազմակերպիչների կողմից, ովքեր նախ հրավերն ուղարկել էին Թատերական գործիչների միություն:

Միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ու միության վարչության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանը նույնպես մասնակցել են փառատոնին։

«Երբ որ առաջին ներկայացմանը երրորդ անգամ կանչեցին պակլոնի և էդ «բրավոն» կարծես երբեք չէր ավարտվելու, բոլորս մենք, ովքեր Երևանից էինք եկել, կանգնած լաց էինք լինում։ Որովգետև էս ութ ամսվա ընկճվածությունից հետո հաղթանակի զգացողությունը, որ մենք ապրեցինք, այնքան մեծ բան էր դա։ Եվ այն, որ թատրոնը հրավիրվեց Վլադիվոստոկ... Մի բան էլ ասեմ։ տոմսերը արժեին հինգ հազար ռուբլի, դա մոտավորապես ութսուն դոլար է, և երբ ես նայում էի, թե ինչպես են ռուս երիտասարդները, զույգեր, որ ոչ մեկիս ծանոթը չէին, ոչ մեկիս հրավիրածը չէին, դա գնված տոմսեր էին։ Եվ իրենք չգիտեին ինչ է հայկական թատրոնը, բայց իրենց հետաքրքիր է, և իրենք գալիս են։ Ես շատ ցանկանում եմ, որ Հայաստան որևէ այդպիսի շարժ այնուամենայնիվ լինի, և մարդիկ սկսեն հետաքրքրվել, որովհետև թատրոնը իրոք շատ հետաքրքիր աշխարհ է։ Նորից շնորհակալություն և' Համազգայինին, և' Չեխովյան փառատոնին, և' մեր դեսպանատանը՝ ի դեմս պարոն Տողանյանի, որոնք այնպիսի վերաբերմունք ցուցաբերեցին, որ մենք մեզ զգում էինք որպես պետություն ներկայացնող թատրոն», - ասաց Սոնա Մելոյանը։