Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին

Բելառուսի արտաքին գործերի նախարարության շենքը Մինսկում, արխիվ

Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին։ Այդ մասին պաշտոնական Մինսկը հայտարարեց երկուշաբթի երեկոյան՝ պնդելով, որ բելառուսական իշխանությունները այս քայլին են դիմում ԵՄ կողմից սահմանված նոր պատժամիջոցներին ի պատասխան։

«Բելառուսը սկսում է նաև քայլեր ձեռնարկել՝ ԵՄ հետ ռեադմիսիայի շուրջ կնքված համաձայնագրի գործողության դադարեցման ուղղությամբ։ ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում մենք չենք կարող կյանքի կոչել այս պայմանագրով ստանձնած մեր պարտավորությունները», - նշված է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բելառուսական դիվանագիտական գերատեսչությունը նաև արձանագրում է, որ Բրյուսելի հետ հարաբերությունների փաստացի խզումը «բացասաբար կազդի անօրինական ներգաղթի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ասպարեզներում ԵՄ հետ համագործակցության վրա»։

Բելառուս որոշ ընդդիմադիրներ արդեն իսկ նկատում են, որ այս քայլով Մինսկը կարծես ակնարկում է եվրոպացիներին, որ այլևս լուրջ քայլեր չի ձեռնարկելու իր տարածքով դեպի ԵՄ անդամ հանդիսացող հարևան պետություններ՝ Լեհաստան, Լիտվա և Լատվիա ուղևորվող անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու և նրանց մուտքը այդ երկրներ կանխելու ուղղությամբ։

«Բելառուսը ևս մեկ հետքայլ կատարեց», - պաշտոնական Մինսկի որոշմանն արձագանքելով՝ Twitter-ի իր օգտահաշվում գրել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը։

«Այս քայլը լարվածության հետագա աճի կհանգեցնի և բացասական ազդեցություն կունենա բելառուս ժողովրդի վրա՝ զրկելով նրան այն հնարավորություններից, որ ընձեռում է ԵՄ հետ համագործակցությունը», - պնդում է Միշելը։

Մինսկի և ԵՄ հարաբերություններում խորացող այս ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի իշխանությունները շարունակում են իրենց միանշանակ աջակցությունը հայտնել Լուկաշենկոյի վարչակազմին։

«Արտաքին ուժերի վերջնական նպատակը Բելառուսում պետական կարգի և իշխանության փոփոխությունն է», - այսօր կեսօրին Մինսկում նման հայտարարությամբ հանդես եկավ աշխատանքային այցով Բելառուս ժամանած Նիկոլայ Պատրուշևը։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի համոզմամբ՝ ռուսաստանյան և բելառուսական իշխանությունները սխալված կլինեին, եթե կենտրոնանային բացառապես ներքին մարտահրավերների վրա։

«Աներկբա է, որ ամեն ինչ չէ, որ կախված է մեր երկրների ներսում կատարվող իրադարձություններից։ Շատ բան կախված է այն հանգամանքից, թե ինչ արտաքին ուժեր են ազդում դրանց վրա», - հայտարարել է Պատրուշևը։

Բելառուսի ղեկավարի այսօրվա հայտարարություններից էլ դատելով՝ պաշտոնական Մինսկը, Արևմուտքից նկատվող ճնշման ֆոնին, առաջիկայում ևս շարունակելու է խորացնել կապերը Ռուսաստանի՝ նախևառաջ այդ երկրի ուժային կառույցների հետ։

«Ես հատուկ նպատակով էի ցանկանում ձեզ հետ դեմ առ դեմ զրուցել, քանի որ կան հարցեր, որոնք դեռևս հանրայնացման ենթակա չեն։ Ես ցանկանում եմ, որ դուք տեղեկանաք այդ հարցերի մասին, քանի որ ըստ ամենայնի, մենք այդ խնդիրների շուրջ միասին ենք աշխատելու՝ հակազդելով որոշ ուղղությունների», -հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսական ընդդիմության համոզմամբ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ Ռուսաստանի և ոչ էլ ԵՄ հետ հարաբերություններում Բելառուսի անունից հանդես գալու որևէ իրավունք չունի։ Այս մասին ընդդիմության առաջնորդ, նախագահության նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան «Տելեգրամի» իր ալիքում գրեց երկուշաբթի երեկոյան՝ մեկնաբանելով ԵՄ հետ կապերը խզելու իշխանությունների որոշումը։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ [Լուկաշենկոյի] որոշումները 2020 թվականի օգոստոսի 9-ից ի վեր իրավական որևէ ուժ այլևս չունեն։ Նա ներկայացնում է բացառապես ինքն իրեն և [իր գործողություններով] վնասում է ժողովրդի շահերին», - ընդգծել է Տիխանովսկայան՝ պնդելով,- «Արևելյան գործընկերությունը» մի ծրագիր է, որ մեր երկրի համար բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ կրթության, մարդկանց միջև շփումների, քաղաքական և տնտեսական նոր կապերի տեսանկյունից։ Լուկաշենկոն սակայն ցանկանում է զրկել մեզ այդ ամենից»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Մինսկի և ԵՄ առանց այդ էլ բարդ հարաբերությունները էլ ավելի սրվեցին մայիսի 23-ին Բելառուսի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ երկրի ռազմաօդային ուժերը ստիպեցին Աթենք-Վիլնյուս կանոնավոր չվերթն իրականացնող Ryanair ավիաընկերության օդանավին վայրէջք կատարել Մինսկի միջազգային օդանավակայանում՝ ընդդիմադիր լրագրող և բլոգեր Ռոման Պրոտասևիչի ձերբակալության նպատակով։

Ավիացիոն այդ միջադեպից մեկ ամիս անց՝ հունիսի 24-ին, ԵՄ խորհուրդը որոշեց սաստկացնել Մինսկի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այսպես կոչված սեկտորալ պատժամիջոցների համաձայն Բելառուսը զրկվում է ԵՄ տարածք մի շարք ապրանքատեսակներ, այդ թվում՝ կալիումային պարարտանյութեր, նավթամթերք և ծխախոտ արտահանելու իրավունքից։ Բացի այդ Բելառուսի կառավարությունն ու պետական բանկերը այլևս իրավունք չունեն վարկեր ներգրավել ԵՄ պետությունների ֆինանսական շուկաներից։