Չոռոգվող ցանքատարածություններում գարի, ցորեն ու առվույտ ցանած հայկաձորցիները բերքը կորցնելու վտանգի առաջ են կանգնել։
«Հույսներս Աստծո վրա էինք դրել, բայց նա էլ է մեզնից երես թեքել», - ասում են գյուղացիները․ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի գյուղական համայնքներում երաշտ է:
«Եղել է երաշտ, բայց էս ձևի երաշտ չի եղել, արոտ չկա, անասունը գետինը լիզում է», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։
Հայկաձորցիներից մեկն էլ հավելեց․ - «Ես համ առվույտ ունեմ ցանած, համ գարի, համ էլ ցորեն։ Առվույտը հնարավոր չի եղել քաղել, գարին էլ նույնիսկ չի կարելի քաղել, տեսնում եք, մենակ ես չեմ, բոլորի մոտ է, ցորենն էլ կարող է մի կերպ մի քանի հատիկ հանեն, բայց գարին՝ բացառվում է»։
Թեև Հայաստանի ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարարն այստեղ է կառուցված, բայց հենց ջրամբարի անմիջական հարևանությամբ հողատարածքներն անջրդի են դեռ խորհրդային տարիներից, ենթակառուցվածք չկա, որ ջուրը հայ-թուրքական սահմանի գյուղեր հասնի։
Հայկաձորցիները հույսը հատկապես գարու արտերից են կտրել․ - «Եթե երաշտ չլիներ, գարու բոյը մոտավորապես 80 սմ-ից 1 մետր պետք է լիներ, հիմա մոտավորապես 15-20 սմ է, բան չկա, որ կոմբայնը բռնի քաղի։ Էս գարին ես առել, ցանել եմ 140 դրամով՝ սուբսիդացիայով բերեցին, ես էս գարին ցանել եմ։ Էսօրվա դրությամբ 24 հեկտար գարի ունեմ էսպես ցանած, կոմբայնավար եմ, կոմբայն էլ ունեմ, քիչ դաշտեր կան, որ կքաղենք ու անասունին մի քանի տուկ կհելնի, թե չէ ուրիշ տարբերակ չկա»։
Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքը սովորաբար սկսվում է հուլիսի վերջին: Աննախադեպ շոգի պատճառով հունձը մեկ ամիս շուտ են սկսել, սակայն, ինչպես ասում են գյուղացիները, բերքը չի հասցրել հասունանալ ու թեժ արևից վառվել է:
«Էս տարի երաշտի պատճառով շատ արագ գերհասունացում տեղի ունեցավ՝ բերքը չի հասել, ուղղակի վառվել է, սա սերմացու էլ չի լինի, որակ չկա, կարելի է ուղղակի անասնակերի կամ ինչ-որ բանի օգտագործել», - ասացին գյուղացիները։
Հայկաձորի վարչական շրջանի ղեկավար Սեյրան Սմբատյանն ահազանգում է՝ եթե պետությունը գյուղացիներին չաջակցի, ապա նրանք ստիպված կլինեն անասուններին կա՛մ վաճառել, կա՛մ հարկադիր մորթի ենթարկել, քանի որ խոտ չկա, եղածն էլ թանկ է:
«450 գլուխ խոշոր անասուն ունենք, 1500 գլխի կարգի էլ՝ մանր, բայց էս մի15 օրվա ընթացքում օրական գյուղից երկու մեքենա ժիվոյ անասունը դուրս են հանում՝ կենդանի անասունները վաճառում են, վաճառում են, որ գոնե մի հատվածին խոտ առնեն․ մի հակը 1800 դրամ է», - ասաց Սմբատյանը։
Հայկաձորցիները հիշում են, որ մեկ էլ խորհրդային տարիներին է նման երաշտ եղել, խոտը Ռուսաստանից են բերել կոլխոզի համար: