Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հրաժեշտ տվեց Եվրո-2020-ին:
Մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում երեկ երեկոյան Բուխարեստում ֆրանսիացիները հետխաղյա 11-մետրանոցներով զիջեցին Շվեյցարիայի ընտրանուն: Դրամատիկ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3, լրացուցիչ 30 րոպեներին գոլ չէր գրանցվել:
Քառորդ եզրափակիչում Շվեյցարիան կհանդիպի Իսպանիայի հավաքականի հետ, որը նախօրեին Կոպենհագենում 5:3 հաշվով առավելության հասավ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի նկատմամբ: Խաղի ելքը վճռեցին լրացուցիչ 30 րոպեներին իսպանացիների խփած երկու գնդակները, հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
Այսօր կկայանան 1/8 եզրափակիչի վերջին երկու՝ Անգլիա-Գերմանիա և Շվեդիա-Ուկրաինա հանդիպումները:
Քառորդ եզրափակիչի խաղերը տեղի կունենան հուլիսի 2-3-ը, կիսաեզրափակիչ հանդիպումները՝ հուլիսի 6-7-ը, եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: