Թե ինչո՞ւ ջուրն Արմավիրի մարզում ոսկու գին ունի կամ «ջրի նման երկար կյանք ունենաս» հայտնի մաղթանքը հակառակ իմաստը ստացավ, իրենք՝ Արմավիրի գյուղերի բնակիչներն էլ չեն հասկանում։
«Տեղ ասեմ՝ գնաք, որ իրար ծեծում են մի փոքր ջրի համար», - ասաց բնակիչներից մեկը:
Իրար ծեծողներին չգտանք, բայց երբ գյուղացիներին հարցնում էինք ոռոգման ջրի խնդրի մասին, տանում են, արտը ցույց տալիս ու նույն հարցը մեզ ուղղում՝ լուծվել է՞, թե՞ ոչ. «Սածիլը իրա տեղից հանել ա, որ բերի սածիլի, ջուր չի եղել, առանց ջրի սածիլ չի կարա դնի, չոր հողի մեջ սածիլ չեն դնի, ջուրը պետք ա գնա, որ սածիլը խփեն: Նոր էսօր սածիլը խփել են»:
Արմավիրի մարզի տասնյակից ավելի գյուղերում մի քանի օր շարունակ ոռոգման ջուր չկար, գյուղացիները բերքը ցանել էին, ջրել չէին կարողանում։ Դանակը ոսկորին հասած՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհը փակեցին, մինչև որ ստացան խոստում՝ վաղը ջուր կլինի։ Վաղը եկավ ու անցավ, գյուղացիները շարունակում էին դժգոհել՝ ջուր դեռ չկա։ Ինչու՞ հարցի պատասխանը «էջմիածին» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը տվեց։
«Նորից վերականգնվել է ջրամատակարարումը, բայց էդ երեք օրվա ընթացքում շատ լավ գիտեք վերջին օրերին 40-41 ջերմաստիճան է, ու մարդիկ երեք օր է այդ ջերմաստիճանի տակ չեն կարողացել ջրառ իրականացնել, բերեց այս խնդրին: Հիմա ջրամատակարարումը վերականգնվել է արդեն, բայց բոլորն ուզում են միաժամանակ ջրել, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ», - սասց Սաչգսյանը:
Ոռոգման ջրի մատակարարման դադարեցումը պայմանավորված է եղել Սևանից եկող ջրատարի խոշոր վթարով. «2,5 օրվա ընթացքում ամբողջ աշխատանքներն ավարտվեցին, 50-60-ականների ջրատար էր, հնացած է, մաշված է, ամեն պահի կարող է խնդիր լինել»:
Վթարի հետևանքով ջուրը հարակից մանկապարտեզն ու տներն է լցվել, ինչի հետևանքով ջրամատակարարումը դադարեցվել է։ Վթարը վերացնելուց հետո 7-8 ժամ է պահանջվել, որ ջուրը հասնի գյուղեր, իսկ բոլորի կողմից ջրի միաժամանակ օգտագործումը դարձել է պատճառ, որ առավել հեռու գտնվող գյուղերի ջուրն ավելի ուշ է հասել, որոշ համայնքներ դեռ չի էլ հասել։ Բացի այդ, ավելի մեծ խնդիր էլ կար. որոշ գյուղերում ոռոգման ջրին ոչ թե 5-6 օր, այլ 20 օրից ավելի են սպասել։
«Մենք ջուրը ստանում ենք ոչ միայն Սևանից, այլ նաև ունենք պոմպակայան, որը մղում է ջուրը նաև ձեր կողմից նշված համայնքներ, ունենք նաև լարման տատանման խնդիր, պոմպակայանը պետք է աշխատի 24-ժամյա ռեժիմով, որպեսզի կարողանա կայուն ջրամատակարարում իրականացնել, շուրջ 20 օր լարման տատանման պատճառով պոմպակայանները 24 ժամի փոխարեն աշխատել են 4 ժամ, 3 ժամ: Լարումը կտրուկ բարձրացել է կամ կտրուկ ընկել է, ինչի արդյունքում պոմպերը դադարել են գործել: Բայց հիմա արդեն երրորդ օրն է կարծես լարումը նորմալացել է, դեռ պոմպակայանը չի կանգնել, հուսանք կշարունակվի այս տրամաբանությամբ», - ընդգծեց «Էջմիածին» ՋՕԸ գործադիր տնօրենը:
Ոռոգման ջրի խնդիր գյուղատնտեսությամբ զբաղվող այս մարզում պարբերաբար լինում է, տարին էլ սակավաջուր է, ինչը վիճակն ավելի է բարդացնում, բայց նման ծայրահեղ վիճակ չի եղել։ Հիմա նախատեսում են, որ խնդիրը վերջնական կկարգավորվի առաջիկա 1-2 օրվա ընթացքում։ Մինչ այդ դեռ քանի գյուղացի բերքը կկորցնի կամ վնասներ կկրի, դժվար է ասել, բայց մինչ այս պահը Ջրօգտագործողների ընկերություն դիմում է ներկայացրել միայն 5-6 հոգի։ Դիմումներն ընթացքի մեջ են, նախ պետք է հասկանան արդյոք խնդիրը ամբողջությամբ պայմանավորված է ջրի բացակայությա՞մբ, թե այլ գործոններ էլ կան։ Դրանից հետո միայն կտրվի համապատասխան աջակցություն։