«Երևանի քաղաքապետը իր թիմի հետ միասին ակտիվորեն շարունակում աշխատանքը, շարունակում է իրացնել էն մանդատը, որը տվել են երևանցիների 2018 թվականի սեպտեմբերին։ Եվ մանդատը երևանցիները տվել են հինգ տարի ժամկետով», - ասաց Կարապետյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընտրություններին «ակներև չի աջակցել «Քաղաքացիական պայմանագրին» և այս պարագայում անհրաժեշտ է լուծում, որից «քաղաքը չի տուժի»»։
Հարությունյանը «Ազատության» եթերում նաև ասաց, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն. - «Էս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա։ Սա հստակ կարող եմ ասել։ Մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:
«Անկեղծ ասած, ինձ դուր չեկավ Արայիկ Հարությունյանի ասածը, որովհետև դա ներկուսակցական հարց չէ, և պարտավոր են պարզապես հարգել երևանցու քվեն։ Եթե որոշման գնան Հայկ Մարությանին հեռացնելու, դա շատ որոշում է լինելու։ Եվ ինքս դա համարելու եմ երևանցիների կարծիքի արհամարհանք», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց մայրաքաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Աբգարյանը, ով 2020-ի նոյեմբերին դուրս է եկել ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, ընդգծեց, որ այս հարցում կուսակցության շահը չպետք է վեր դասվի. - «Քաղաքապետին ընտրել են երևանցիները։ Եկեք չմոռանանք ՏԻՄ անկախության մասին։ Մեր ցուցակը գլխավոր է Հայկ Մարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, և երևանցին իր ձայնը տվել է Հայկ Մարությանին և իր ծրագրին, որը նա իրականացնում է։ Եվ կարծում եմ, երևանցիների հանդեպ կլինի անարդար, եթե կուսակցությունը գնա հենց կուսակցական որոշման։ «Քաղաքացիական պայմանագրում» չգիտես ինչու մտածում են, որ մարդու նվիրվածությունը դա՝ Նիկոլ Փաշինյանի նկարը դնել պատին և ասել անվերապահ աջակցությունս... Բայց չեն մտածում, որ մարդը, որն իր աշխատանքով օգուտ է բերում քաղաքական ուժին և իրացնում է իսկապես հեղափոխության օրակարգը, այդ մարդն է հենց իրականում նվիրված»։
Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով, նախ իշխող ուժը պետք է ազնիվ լինի և հայտարարի՝ գո՞հ են արդյոք քաղաքապետի գործունեությունից, թե ոչ, այդ դեպքում միայն իրենց համար իշխող ուժի մոտիվացիան հասկանալի կլինի. — «Եթե դրա տակ միայն այն պատճառն է, որ Մարությանը չի աջակցել իրենց, դրա համար եկեք հանենք, ինքը արատավոր երևույթ է։ Բայց ես կարծում եմ, որ Մարությանին այդ պաշտոնից ազատելու համար կան նաև այլ հիմքեր, և եթե կխոսեն այդ հիմքերի մասին, լավ, եթե չեն խոսի՝ կնշանակի, որ մոտիվացիան միայն քաղաքական է, ինչը ողջունելի չէ։ Բայց կրկնում եմ ՝ Մարությանը չունի սեփական քվե, որովհետև 2018-ին դա քվե էր հանուն հեղափոխության»։
Քաղաքապետը ընտրվում է 5 տարի ժամկետով, Մարությանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023-ին։
Երևան քաղաքի ղեկավարի հարցը ցանկացած պարագայում պետք է որոշի ավագանին, այսինքն՝ քաղաքապետը ավագանու կազմից է ընտրվում, շեշտում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ հավելելո. - «Չի կարող որևէ մեկը կողքից, դրսից փոփոխություններ իրականացնել, եթե դա ավագանին չի որոշել»։
2018-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Մարությանը նախքան ընտրությունները հայտարարել էր. - «Ընդհանրապես ընտրություններն ինձ չեն հետաքրքրում։ Ես իմ գործով եմ զբաղված` գլուխս կախ»։
Հունիսի 22-ի ավագանու նիստի ընթացքում Մարությանը շնորհավորեց քաղաքացիներին «ազատ, թափանցիկ և անցնցում ընտրություններ անցկացնելու կապակցությամբ»։
Նրա և իշխող թիմի լարված հարաբերությունների մասին մամուլը գրում է ամիսներ շարունակ։ Սակայն ինքը՝ քաղաքապետը երբեք անձամբ չի մեկնաբանել այդ լուրերը։ Փոխարենը այսօր Ֆեյսբուքում գրել էր աշնանը Երևան կհասնի ավտոբուսների նոր խմբաքանակ։ Վերջին օրերին էլ քաղաքապետարանը լրահոսում հայտնվեց ապօրինի կառույցների դեմ սկսած պայքարով։