Մեկնարկել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները

Թուրք-ադրբեջանական զորավարժություն, արխիվ

Ադրբեջանում այսօր մեկնարկել են Թուրքիայի հետ համատեղ անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2021» մարտավարական զորավարժությունները։

Դրանց նպատակն, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, «երկու երկրների բանակային ստորաբաժանումների համակարգված գործողությունների և հրամանատարների՝ [մարտական գործողությունների] կառավարման կարողությունների բարելավումն է»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 600 զինծառայող։

«Զորախաղերում ներգրավված է նաև 40 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, տարբեր տրամաչափի 20 միավոր հրետանի, յոթ ռազմական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության երեք անօդաչու թռչող սարք», - տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 30-ը։