Ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գործող իրանամետ զինյալներին

Ամերիկյան օդուժի F-15E ինքնաթիռներ Իրաքի երկնքում, արխիվ

Ամերիկյան օդուժը կիրակի օրը հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի սահմանագծին տեղակայված՝ Իրանի աջակցությունը վայելող «Ալ Հաշդ Աշ Շաբաբի» զինված խմբավորման ստորաբաժանումներին։ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տվյալներով՝ ամերիկյան հարվածների հետևանքով իրանամետ խմբավորման առնվազն 7 զինյալ է զոհվել։

Պենտագոնին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, հարվածների թիրախում են եղել իրանամետ խմբավորման՝ Սիրիայում գտնվող մեկական զորամաս և զինապահեստ, ինչպես նաև Իրաքում տեղակայված հրամանատարական կետերից մեկը։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածների իրականացնելու անմիջական հրամանն արձակել է նախագահ Ջոզեֆ Բայդենը։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն, որ երեկ երեկոյան է Քեմփ Դեյվիդի նստավայրից վերադարձել Վաշինգտոն, հրաժարվել է մեկնաբանել Իրաքում և Սիրիայում ամերիկյան օդուժի կողմից իրականացված հարվածների մասին տեղեկությունները։