Սև ծովում այսօր մեկնարկում են Sea Breeze-2021 զորավարժությունները

Ուկրաինա - Sea Breeze-2020 զորավարժությունները, հուլիս, 2021թ.

Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից ավելի քան երեք տասնյակ երկրների մասնակցությամբ զորավարժությունների սցենարով ծովում, օդում և ցամաքում ուժերի համատեղումն է, իրականացվելու են փոխգործակցության տարբեր վարժություններ, այդ թվում՝ պայմանական հակառակորդի նավերի, հակաօդային պաշտպանության համակարգերի չեզոքացում, ռազմամթերքի պահեստների ոչնչացում։ Մշակվում են ճգնաժամային իրավիճակներում հումանիտար օգնություն ցուցաբերելու, բնական աղետների կամ տեխնածին պատահարների, վթարների հետևանքները վերացնելու համատեղ գործողություններ։

Զորավարժություններում ներգրավված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ross հածանավը, որը շաբաթ օրը խարիսխ է ձգել Օդեսայի նավահանգստում; Ամերիկյան ռազմանավի վրա Tomahawk թևավոր հրթիռներ արձակող 90 կայան կա, անձնակազմի քանակը գերազանցում է 300-ը։

Մինչ զորավարժությունների մեկնարկը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնել էր, որ դրանց 5 հազար զինծառայողներ են մասնակցելու, 32 նավ և չորս տասնյակ ինքնաթիռներ։

«Այս տարի ամերիկյան Ross ռազմանավի մասնակցությունը Sea Breeze ծովային վարժություններին ցուցադրում է ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային, որն այսօր ինչպես երբեք անհրաժեշտ է», - ասել է Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինը։

Ամերիկյան հածանավի Օդեսա հասնելու նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ռուսական ուժերը հետևում են դրա գործողություններին:

Անցած չորեքշաբթի օրը ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը Վաշինգտոնին և դաշնակիցներին կոչ էր արել Սև ծովում ռազմական գործողություններ չմշակել, պնդելով, որ նման մանևրերը մեծացնում են ոչ դիտավորյալ, ակամա միջադեպերի ռիսկերը և խրախուսում Կիևի միլիտարիստական տրամադրությունները։

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել էր, թե զորավարժությունների բոլոր տարրերը պլանավորված են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։

Sea Breeze զորավարժությունները յուրաքանչյուր տարի անցկացվում են, 2020-ին չնայած որոշվել էր հետաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով, այնուամենայնիվ Ուկրաինայի նախաձեռնությամբ դրանք տեղի ունեցան սահմանափակ ու փոքր ուժերով: Այս տարի զորավարժություններն անցկացվելու են հունիսի 28-ից մինչև հուլիսի 10-ը։