«Խղճում են, որ 21 տարեկանում ամուսնացած չեմ». գյուղի սահմանափակումներն ու հատուկենտ երիտասարդների պայքարը դրանց դեմ

Ուզես, թե չուզես, գյուղում ստիպված ես հաշվի նստել հանրության կարծիքի հետ՝ ինչ հագնել, երբ տուն վերադառնալ, ինչ մասնագիտություն ու զբաղմունք ընտրել։ Անգամ ամուսնանալուդ տարիքն ուրիշներն են փորձում որոշել, ասում է Բլագոդարնոյե գյուղի 21-ամյա բնակիչ Անժելան։

Իր պահարանի ծածուկ անկյուններում արգելված հագուստ ունի, սիրել է, գնել, բայց հագնելուց առաջ ինքն իրեն հաշիվ է տալիս՝ հանկարծ ընտանիքը քննարկման առարկա չդառնա։ Գյուղական միջավայրում ուրիշների կամքին դեմ գնալը դեռևս դուրեկան բան չէ։

«Կհագնեմ, բայց ոչ այստեղ՝ գյուղում, ոչ թե որովհետև իմ համար է վատ շոր, այլ ծնողներիս համար որ վատ չլինի, ինչ-որ խոսակցությունների առիթ չդառնա», - ասաց Անժելան:

Ծնողների ցանկությամբ տնտեսագետի մասնագիտությունն ընտրած երիտասարդ աղջիկը իրենց տան բակում տեղադրված երկաթե տնակը գունազարդել է ու մի գրավիչ արվեստանոց դարձրել։ Այստեղ նկարում է, ստեղծագործում, երազանքներ ձևակերպում, որոնցից որևէ մեկը ծնողների երազած աղջկա կերպարի հետ կապ չունի։

«Ամեն դեպքում ինչպես մանավանդ գյուղում է լինում, ծնողները ունեն իրենց երազած աղջկա կերպարը, ոչ թե հենց մերժում եմ էդ կերպարը, այլ ուզում եմ այնպիսին լինեմ, ինչպես ինձ է դուր գալիս», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

Անժելան հաճախ ծնողների համար անընդունելի հայտարարություն է անում, թե տնտեսագետ դառնալու միտքն իրենը չէ ու բուհից ստացած դիպլոմը երբեք իրեն պետք չի գալու։ Հակառակ դեպքում ճարտարապետության գծով մագիստրատուրայում կշարունակի ուսումը, ասում է՝ «թաքուն երազանք է»:

Գեղանկարչությանը զուգահեռ վերջերս սկսել է նաև լուսանկարչությամբ զբաղվել։ Հիմա վճարովի աշխատանք է անում այս ոլորտում։ Բայց մեծերի կարծիքով՝ նկարչությունը ջահելին հիմնական անելիքից շեղող մի բան կարող է լինել, բայց ոչ երբեք հիմնական մասնագիտություն։

«Այնպես չի, որ իրենք դեմ են, որ ես նկարում եմ, բայց հիմնականում իրենք մտածում են, որ սա անկապ բան է որով դու զբաղվում ես, որով քեզ շեղում ես հիմնական քո գիտելիք ստանալու տեղից, այսինքն տնտեսագիտություն սովորելուց», - ասաց նա:

21 տարեկանում իր համադասարանցի բոլոր աղջիկներն արդեն ամուսնացել ու երեխաներ ունեն։ Ասում է՝ այսօր իրենց ընտանիքում բարեմաղթանքներն ու հարցադրումները հիմնականում իր շուտափույթ ամուսնության մասին են միայն:

«Հիմնականում դպրոցը հենց ավարտում է աղջիկը մեր գյուղում, արդեն էդ հարցերը սկսում են տալ: Կա՛մ պետք է նշանած ունենա, որ այդ հարցերից խուսափի, կա՛մ պետք է ամուսնանա, բայց ծնողներս, չէ, հիմնականում այդպես չեն խառնվում, հարցեր չեն տալիս, բայց կողքից հարևաններ, բարեկամներ հեռվից գալիս են՝ բա չի ուզո՞ւմ, հա, դե իրան պետք չի, բայց դե արդեն ժամանակն ա, բան, արդեն էդ խոսակցությանն են գալիս, արդեն մտածում են՝ ինչ տղա կարելի է իմ համար բերել: Խղճում են էլի, որ չես ամուսնանում՝ մի հատ տղա ճարենք, թող ամուսնանա: Բայց երևի ես ինձ կխղճամ, եթե արդեն մտածեմ ամուսնության մասին», - ասաց Բլագոդարնոյե գյուղի բնակչուհին:

Անժելան համոզված է՝ մի օր գյուղում ընդունված կլինի հաշվի նստել երիտասարդների կարծիքի հետ, երեխայի մասնագիտություն ընտրելը ոչ թե ծնողների, այլ հենց իրենց անելիքը կդառնա ու աղջկան դպրոցն ավարտելուց հետո միայն որպես պոտենցիալ հարսնացու չեն դիտարկի։ Ասում է՝ գյուղերում սրանք առայժմ հավերժ թվացող թեմաներ են, որոնց դեմ պայքարի են դուրս եկել ինքն ու ավելի փոքր տարիքի երեխաները։ Ուրախությամբ նշում է, որ վերջին տարիներին տեղաշարժ կա։ Դպրոցական տարիքի երեխաների շրջանում արդեն, կրթության նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է։

«Ինձ թվում է՝ արդեն սկսել են աղջիկները ավելի շատ իրենց գնահատել, իրենց հմտությունները, արդեն սկսել են ավելի շատ դեմ գնալ թեկուզ գյուղերում, էլ չեն մտածում, որ իրենց ապրելու նպատակը ամուսնանալ, երեխա ունենալն է», - ընդգծեց նա:

Անժելան սիրում է իրենց գյուղը։ Ասում է՝ իր ձեռքով ստեղծած արվեստանոցը համադրել է Բլագոդարնոյեի բովանդակությանը՝ մեղմ, հանգիստ, ցանկալի ու գրավիչ։ Այցելուների համար մի գրառում է արել դռան վրա՝ «մի գնա»։ Ասում է՝ ինքն էլ որոշել է՝ գյուղից երբեք երկարատև չի բացակայի. «Եթե չծնվեի գյուղում, գուցե այսպիսին չլինեի, գուցե ընկալումներս ուրիշ ձև լինեին, որովհետև գյուղի աուրան ու բնությունը, ամեն ինչ ուրիշ է»: