Այս տարվա հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4,3 տոկոսով, երեկ թարմ թվեր է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ընդ որում, արտահանումն աճել է 20 տոկոսով, շինարարությունը` 14, առևտրի շրջանառությունը՝ 7,4 տոկոսով, ինչին զուգահեռ գնաճը կազմել է 5,5 տոկոս։
Կառավարության ընդդիմախոսներն ասում են՝ այս թվերը տնտեսական իրական աճի մասին չեն խոսում, ընդհակառակը տնտեսությունը շարունակում է իր անկումը։
«Հիմա բացատրեմ՝ ինչու, երեք հիմնական գործոններ կան, առաջինը, որ համեմատության դեպքում նախորդ տարվա պարագայում, երբ որ տոտալ լոքդաուն էր և տնտեսական անկում, որը սկսել էր մարտ-ապրիլ-մայիսից, իսկ երբ որ մենք հունվար-մայիսը համեմատում ենք, այստեղ հիմնական մասը տոտալ լոքդաունի շրջանն էր: Այսինքն՝ փաստենք, որ այստեղ բազայի էֆեկտը կա, և ճիշտ չէ այդ համեմատությունը միայն այդպես չոր թվերով իրականացնել», - ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսական ակտիվության այս ցուցանիշն իրականում ապահովվել է մեծապես շինարարության հաշվին, ավելացնում է Թադևոս Ավետիսյանը: Ըստ նրա, շինարարությունն էլ հիմնականում ասֆալտապատումն է եղել, որ իրականացվել է պետական միջոցներով, իսկ մեծ ներդրումներ Հայաստանում չեն արվել։
«Երրորդ գործոնը, որն ամենակարևորն է և դա պետք է փաստենք, տնտեսական ակտիվությունը 4,3 տոկոսով աճել է, բայց էկոնոմիկայի այսօրվա պատասխանատուն չի խոսում գնաճի մասին, սպառողական գների ինդեքսը՝ հստակ 5,5 տոկոս: Այսինքն՝ 5,5 տոկոսով միջին գներն են աճել, իսկ առևտրի ծավալներն ընդամենը 7,4 տոկոս, այսինքն՝ առևտուրը դեռ չի էլ վերականգնվել»:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին գրառում է արել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. «Ընդհանուր առմամբ բավականին դրական զարգացմանը զուգընթաց, պետք է խոստովանել, որ սպասումները շատ ավելին էին»։
Այս գրառումից մեկ օր առաջ էլ Քերոբյանը վերահաստատել էր իր սպասումը՝ տարվա ընթացքում ի վերջո հասնելու են տնտեսության աճի երկնիշ ցուցանիշի։
«Պարզագույն հարց կա, եթե այդքան ամեն ինչ լավ է, ինչի՞ է գնաճը շարունակվում և անցել է արդեն թիրախավորված կետը», - ընդգծում է Ավետիսյանը:
Կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամը տարածաշրջանում և ողջ աշխարհում դեռ չի ավարտվել, հիշեցնում է գործող խորհրդարանի պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը: Վերջինիս կարծիքով՝ այս, ինչպես նաև պատերազմի առաջացրած կորուստների ֆոնին Հայաստանի արձանագրած տնտեսական աճի ցուցանիշը կարելի է դրական տեղաշարժ համարել։
«Բացի դրանից մեզ մոտ կա առանձնահատկություն, որ մեզ մոտ ընտրություններ էին, ընդ որում՝ արդյունքը կանխատեսելի չէր: Մեր ընդդիմախոսները կանգ չեն առել ոչ մի միջոցի առաջ, մարդկանց մեջ անհուսության, անհեռանկարայնության ինչ-որ տպավորություն ստեղծելու համար, զուտ աղմուկի պատճառով ընդամենը, ուրիշ որևէ հիմք չկար՝ ինչպիսի ցնցումներ էր ապրում դրամի փոխարժեքը», - նշեց Գևորգյանը:
Ընտրություններից հետո Հայաստանում սկսել է արժևորվել նաև դրամը, ըստ Կենտրոնական բանկի, 1 դոլարն արդեն 500 դրամից պակաս է։
Արձագանքելով ՀՅԴ ներկայացուցիչ Թադևոս Ավետիսյանի քննադատությանը, թե տնտեսության ակտիվության այս ցուցանիշը հիմնականում շինարարության, ավելի կոնկետ ասֆալտապատման շնորհիվ է ապահովվել, Հայկ Գևորգյանն ասում է՝ նախ պետք է սպասել մանրամասն վիճակագրության՝ հասկանալու շինարարության ոլորտի 14 տոկոսի աճի հիմնական բաղադրիչը որն է եղել: Դրանից բացի, ըստ նրա, կապիտալ ծախսերը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու լավագույն եղանակներից է։
«Օրինակ ճանապարհաշինություն, կամուրջաշինություն, թունելաշինություն, դպրոցաշինություն, մանկապարտեզների վերանորոգում կամ կառուցում, դա լավագույն միջոցն է, ու մենք այս ընթացքում այդ հնարքը, դա տնտեսական հնարք է համարվում, շատ լավ կիրառեցինք, և ինչպես տեսաք շատ մեծ կորուստներ չունեցանք տնտեսական ճգնաժամից», - ընդգծեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամը:
Ընդդիմախոսներին Հայկ Գևորգյանն առաջարկում է ուշադրություն դարձնել այսպես ասած որակական ցուցանիշների վրա, օրինակ, այն, որ այս տարի հունվար-մայիս ամիսներին արտահանման տեմպերը ավելի քան 3 անգամ գերազանցում են ներմուծման տեմպերին, ինչն ըստ նրա, գյուղատնտեսության զարգացման արդյունքն է։
«Դա ի՞նչ է նշանակում, որ մեր տնտեսությունն ավելի մրցունակ է դառնում, օրինակ, գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալներ Հայաստանը երբեք չի ունեցել: Գյուղատնտեսական արտադրանքի ահռելի արտահանում կա, ինտենսիվ այգիները, նոր սերնդի ջերմոցները, որոնց աճի տեմպերն աննախադեպ են ուղղակի», - նշեց Գևորգյանը:
Այնուամենայնիվ, Հայաստանի պոտենցիալը շատ ավելի մեծ է, և Գևորգյանն ասում է՝ դեռ բավարարված չէ տնտեսական աճի այս տեմպով։ Համաձա՞յն է արդյոք էկոնոմիկայի նախարարի պնդումներին, թե տարին կամփոփեն երկնիշ տնտեսական աճով, նա պատասխանեց. «20 թվականի համեմատ 21 թվականին ունենալ երկնիշ տնտեսական աճ, ես չեմ բացառի»: