ՀԱԿ-ի համոզմամբ` ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018-ի ընտրությունների համեմատ։ «Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը», - ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած կուսակցությունը, որ ընտրություններին նախնական տվյալների համաձայն` ստացել է քվեների 1.54 տոկոսը, նշում է, որ իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, այդ նպատակով օգտագործելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները, նույնիսկ բանակին են ուղղորդել քվեարկության հարցում, Հայաստանի ընտրական համակարգի՝ վերջին տասնամյակի ամենախոշոր արատը՝ փողի հակաօրինական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, լիովին պահպանվել է:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անվերահսկելիորեն օգտագործեցին օրենքով թույլատրված չափից հսկայական ծավալով ավելի՝ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ ընտրակաշառքի տեսքով։ Իշխանության, իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գործողություններն այդ ապօրինությունը կանխելու ուղղությամբ ընդամենը կոսմետիկ բնույթ էին կրում», - պնդում է անցողիկ շեմը չհաղթահարած Հայ ազգային կոնգրեսը։