Նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով 53,92 տոկոս քվե ստացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի շատ գումար է ծախսել, քան մյուս ուժերը։

Այսպես, հունիսի 20-ին առավելագույն ձայներ ստացած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմն ավելի շատ գումար է ծախսել, քան խորհրդարանում ձայների քանակով երկրորդ տեղը գրաված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած և անցողիկ շեմը հաղթահարած ուժերից ամենաքիչ ձայները հավաքած «Պատիվ ունեմ» դաշինքը ծախսած գումարի քանակով երրորդ տեղում է։

Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական հիմնադրամները ձևավորվում են կուսակցությունների, թեկնածուների, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

Իշխող քաղաքական ուժը իր եկամուտներն ու գույքի հայտարարագիրը ներկայացնելիս իր հաշվին ուներ 22 միլիոն դրամ։ Սակայն մայիսի 31-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժի նախընտրական հիմնադրամ մուտք է արվել ավելի քան 453 միլիոն դրամ, ինչի գերակշիռ մասը՝ 369 միլիոն դրամը ծախսվել է քարոզչանյութերի, հեռուստառադիոեթերների, գովազդի, տպագրական նյութերի վրա։ Ընդհանուր առմամբ, իշխող քաղաքական ուժը ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային հեռուստատեսություններում երևալու և ռադիոկայաններում լսելի լինելու համար ծախսել է ավելի քան 105 միլիոն դրամ։ Իշխող ուժն առավել շատ գումար է վճարել համապետական հեռարձակում ունեցող «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններին՝ 20-ական միլիոն դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ 720 հազար դրամ ունեցող նախկին նախագահ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը նախընտրական հիմնադրամում հավաքագրվել է 308 միլիոն դրամ՝ 145 միլիոն դրամով պակաս իշխող քաղաքական ուժի մուտք արածից։ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմակիցները նախընտրական շրջանում ծախսել են 244 միլիոն դրամ։ Գումարի կեսից ավելին այս դեպքում ևս ուղղվել է հեռուստառադիոեթերներին։ Ավելի քան 150 միլիոն դրամից ամենաշատը՝ 30 միլիոնը փոխանցվել է «Շանթ», իսկ 24 միլիոն դրամը՝ «Արմենիա» հեռուստաընկերություններին։ Քոչարյանի ղեկավարած դաշինքը գովազդային ծառայությունների համար ծախսել է 66 միլիոն դրամ։

Խորհրդարան անցած ուժերից քարոզարշավին ամենաքիչ գումարը ծախսել է «Պատիվ ունեմ» դաշինքը։ Դաշինքի կազմում ներառված նախկին իշխող հանրապետական կուսակցությունը հայտարարագիրը ներկայացնելու պահին իր հաշվին ուներ մոտ 3 միլիոն դրամ, իսկ դաշինքի մյուս ուժը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը որևէ գումար չէր հայտարարագրել։ Դաշինքի ստեղծած նախընտրական հիմնադրամին այս ընթացքում փոխանցվել է մոտ 218 միլիոն դրամ, որից ծախսվել է գերաշկռող մասը՝ 199 միլիոն դրամը։ «Պատիվ ունեմ»-ը ավելի քան 70 միլիոն դրամ ծախսել է հեռուստառադիոեթերների համար, իսկ նախընտրական քարոզչության մեկնարկի միջոցառման վրա ծախսել են ավելի քան 15 միլիոն դրամ։

Անցողիկ շեմը չհաղթահարած, 14 տարի խորհրդարանում ներկայացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր առաջնորդի ահռելի կարողության համեմատ չնչին գումարներ է ծախսել։ Կուսակցության նախընտրական հիմնադրամ մուտք արված 86 միլիոն 600 հազար դրամից նախընտրական քարոզչության վրա ծախսվել է մեծ մասը՝ 77 միլիոն դրամից ավելի։ Մոտ 13 միլիոն դրամ Ծառուկյանի ղեկավարած ուժը վճարել է բուկլետների համար։ Հեռուստառադիոեթերների համար Ծառուկյանը ծախսել է ավելի քան 45 միլիոն դրամ, որից ամենաշատը՝ 6 միլիոն դրամից ավելի փոխանցել է իր ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությանը՝ ավելի շատ, քան մյուս հեռուստառադիոընկերություններին։