Բելառուսի իրավապահները փոխել են ընդդիմադիր լրագրողի և նրա ընկերուհու խափանման միջոցը

Ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը, Մինսկ, 14 հունիսի, 2021թ.

Բելառուսում մայիսի 23-ին Ryanair օդանավին վայրէջք պարտադրելուց հետո ձերբակալված ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը և նրա ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան, բանտից դուրս են եկել և պետք է մնան տնային կալանքի պայմաններում:

Լրագրողի հայրը՝ Դմիտրի Պրոտասևիչը, լրատվամիջոցներին ասել է, որ պատկերացում չունի, թե ինչու են Բելառուսի իրավապահները փոխել որդու և նրա ընկերուհու խափանման միջոցը:

«Գուցե սա ինչ-որ քաղաքական խաղ է, փաստաբանը բան չի ասում, իրավապահները բան չեն ասում»,- BBC -ին ասել է Դմիտրի Պրոտասևիչը:

«Եթե խափանման միջոցը փոխվել է, ուրեմն նրանց կյանքի պայմանները բարելավվել են, բայց ինչ կլինի հետո՝ մեզ համար անհայտ է»,- նշել է լրագրողի հայրը:

Սոֆյա Սապեգայի փաստաբան Անտոն Գաշինսկին հայտնել է, որ պաշտպանյալի ծնողները նախօրեին ստացել են դստերը հանդիպելու հնարավորություն:

«Հանդիպումը տեղի է ունեցել ռեստորանում, իրավապահների հսկողության ներքո, քանի որ տնային կալանքի ռեժիմն է դա ենթադրում»,- ասել է փաստաբանը:

Անտոն Գաշինսկու կարծիքով, Սոֆյա Սապեգայի խափանման միջոցը փոխելու հանգամանքը, հավանաբար, կապված է անցած ամիս Սոչիում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման հետ:

Սոֆյա Սապեգան այս պահին միայնակ ապրում է Մինսկում մի փոքրիկ բնակարանում, ինչը նույնպես սահմանվել է տնային կալանքի ռեժիմով:

Արևմուտքը Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության օդանավին վայրէջք պարտադրելը որակել է որպես «օդահենություն» և նոր պատժամիջոցներ է սահմանել Մինսկի նկատմամբ:

Ընթադրվում է, որ առաջիկայում Եվրոպական միությունը կսահմանի էլ ավելի խիստ պատժամիջոցներ: