Բորիս Ջոնսոնի պնդմամբ՝ բրիտանական ռազմանավն անցել է ուկրաինական հատվածով, քանի որ Ղրիմը Ռուսաստան չէ

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր անդրադարձել է Սև ծովում բրիտանական ռազմանավի հետ երեկ տեղի ունեցած միջադեպին։ Նա ասել է, որ բրիտանական ռազմանավը միջազգային ջրային տարածքում օրինական է գործել։

Միջադեպը գրանցվել է Ղրիմի մոտ։ Ջոնսոնն ասել է, որ Լոնդոնը չի ճանաչում Ղրիմի պատկանելիությունը Ռուսաստանին, և ռազմանավն անցել է ուկրաինական հատվածով։

Ըստ ռուսական կողմի՝ բրիտանական «Defender» հածանավը խախտել է սահմանը և երեք կիլոմետր խորացել Ռուսաստանի ջրային տարածքից ներս։ Ռուսական օդուժի ինքնաթիռները թռիչքներ են կատարել բրիտանական ռազմանավի վրայով, պահանջել փոխել կուրսը, հակառակ դեպքում սպառնալով կրակ բացել։ Օդանավերն ու ռուսական սահմանապահ նավերը ռումբեր են նետել ու կրակ բացել բրիտանական նավի կուրսի ուղղությամբ, որից հետո այն փոխել է ուղղությունը։

Բրիտանացիները կարծել են` ռուսները Սև ծովում զորավարժություններ են անցկացնում։

Այսօր Մոսկվան հայտարարել է, թե բրիտանական նավատորմի հետագա սադրիչ գործողությունները վճռական պատասխան կստանան։ Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ եթե ողջամտության կոչերը չեն օգնում, կարող են ռմբակոծել ոչ թե կուրսի ուղղությամբ, այլ հենց թիրախներին։

Ռուսաստանում Բրիտանիայի դեսպանը կանչվել էր Արտգործնախարարություն։

Բրիտանական «Defender» հածանավը Օդեսայից նավարկում էր Վրաստան։