Հայաստանում մայիսին աշխատատեղերի աննախադեպ մեծ թիվ է արձանագրվել

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի աննախադեպ ցուցանիշ է արձանագրվել, այսօր հայտարարվեց կառավարության նիստի ժամանակ:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ներկայացրեց տվյալները. - «2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: Այս ցուցանիշն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշը: [...] Գերազանցելու մասով է կրկնել»::

Այս ցուցանիշը, ըստ ՊԵԿ նախագահի, ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից. – «Մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 37 հազարով, 2019 թվականի համեմատ՝ 34 հազարով և 2018 թվականի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաև հայտարարագրված բոլոր աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134,7 մլրդ դրամ և 19 մլրդ, 22 մլրդ և 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականների ցուցանիշները»:

Վարչապետի պաշտոնակատարը, իր հերթին, ասաց. - «Համեմատությունը 2020 թվականի սեպտեմբերի հետ հետևյալն է. սեպտեմբերին եղել է 631 հազար 966, իսկ մայիսին՝ 634 հազար 951, բայց մասնագետներն ասում են, որ սեպտեմբերը սովորաբար աշխատատեղերի ամենաբարձր ամիսն է: Ենթադրում ենք, որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաև սեպտեմբերին, այսինքն՝ սեպտեմբերին ավելի բարձր ցուցանիշ կունենանք»:

«Փաստորեն 2021 թվականի մայիսին մենք ունենք 86 հազար 962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թվականի մայիսին: 2021 թվականին աշխատավարձերի ֆոնդը, 2018-ի մայիսի համեմատ, աճել է 38 մլրդ դրամով կամ 39 տոկոսով, և մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35714 դրամով կամ 20,2 տոկոսով», - նշեց Փաշինյանը:

«Իհարկե, մենք այստեղ շարունակաբար միշտ այն հարցի առաջ ենք կանգնում, թե որքանով են թվերն ապահովում ստվերից դուրս եկած աշխատատեղերի շնորհիվ և որքանով՝ նոր աշխատատեղերի շնորհիվ: Բայց, այնուամենայնիվ, մեր վերլուծությունների, քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա, և աշխատատեղերի աճն զգացվում է այդ ոլորտում: Նաև զբոսաշրջության դանդաղ, բայց հաստատուն վերականգնման գործընթաց ունենք: Հաջորդ ամենախոշոր սեգմենտը հանրային սննդի ոլորտն է, որտեղ աշխատատեղերի աճ ունենք», - ասաց կառավարության ղեկավարը: