«Թորոսյանը երևի մտածում է՝ համայնքապետերը կառավարության կցորդն են. սա սարսափելի է»

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Համայնքապետերի պաշտոնավարման նպատակահարմարությունը Արսեն Թորոսյանը չէ, որ պետք է որոշի` քաղաքացին է որոշում իր քվեով։ Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը տարակուսած է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Թորոսյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից։ «Չկշռադատված, չհաշվարկված, չմտածված հայտարարություն է, կոչ է կամ գրառում է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մովսիսյանը:

Ընտրություններում Փաշինյանի հաղթանակն արձանագրելուց ժամեր անց Թորոսյանը Ֆեյսբուքում գրել էր. - «Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ»:

«Այդ հարցի լուծողը ոչ թե Արսեն Թորոսյանն է, այլ՝ ժողովուրդը», - հակադարձեց Վահան Մովսիսյանը:

Թորոսյանի գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Ֆեյսբուքում, ընկալվել է որպես հաղթած ուժի վրեժխնդրության ազդակ՝ հակառակորդ թիմերի ցուցակներում ընդգրկված համայնքապետերից։

Համայնքների ղեկավարներ կան թե՛ Փաշինյանի, թե՛ նրա հակառակորդ Քոչարյանի գլխավորած, թե՛ երրորդ նախագահ Սարգսյանի սատարած ուժերի ընտրական ցուցակներում։

Երրորդ օրն է՝ Թորոսյանը չի պարզաբանում՝ ո՞ւմ և ի՞նչ ազդակներ է հաղորդել այդ գրառմամբ։ Դա սպառնալի՞ք է, թե՞ հորդոր։ Նրա կուսակիցներն են բացատրում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը Հանրայինի եթերում հայտարարել է, թե այդ հայտարարությունը վերաբերում է օրինազանց համայնքապետերին, ովքեր վարչական ռեսուրս են կիրառել ընտրություններում։

«Հայտարարությունը հնչում է բոլոր նրանց, ովքեր իրենց լիազորությունները շրջանցելով կիրառել են վարչական ռեսուրս և մարդկանց փորձել են ստիպել, փորձել են բռնանալ նրանց կամքին՝ իրենց է վերաբերում», - վստահեցրել է Պապիկյանը:

Իսկ իշխող ուժի ցուցակի համայնքապետերը այդ գրառման հասցեատերերի ցանկում կա՞ն, հատկապես որ վարչական ռեսուրսի կիրառման մեղադրանքներ իշխանության հասցեին ամենաշատն են հնչել։ Սուրեն Պապիկյանն անուններ չի նշել։

«Այդպես չի, որ պետական իշխանության ձեռքերը ազատ են, և կարող են ամեն ինչ անել, որովհետև հիերարխիկ ավելի բարձր իրավական ակտը, որը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան է, համենայն դեպս սահմանափակում է այս փոխհարաբերությունները», - ասել է «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահը:

Համայնքապետերի պաշտոնավարումը, անկախ քաղաքական հայացքներից, օրենքով է կարգավորվում, ոչ թե կառավարության ներկայացուցիչների հայեցողությամբ։ Արսեն Թորոսյանին թերևս թվացել է, թե տեղական ինքնակառավարման մարմինները կառավարության կցորդներն են, նկատում է Վահան Մովսիսյանը։

Նա անթույլատրելի է համարում համայնքների կառավարմանը միջամտելը։ Եթե քրեորեն պատժելի արարք են գործել, իրավապահների գործն է, իսկ եթե վատ են կառավարել, բնակիչներն իրենց քվեով նրանց պաշտոնանկ կանեն։

«Ինքը դեռևս շարունակում է երևի մտածել, որ տեղական ինքնակառավարումը պետական կառավարման համակարգի շարունակությունն է կամ կցորդը, և եթե, ասենք, պետական կառավարման համակարգում քաղաքական փոփոխություն է եղել, ապա այդ քաղաքական փոփոխությունը պետք է ավտոմատ շարունակվի նաև տեղական մակարդակում: Սա սարսափելի է, ես չեմ ուզում մտածել, որ ինքն այդպես է մտածում», - նշեց Մովսիսյանը՝ հավելելով. - «Որովհետև հենց ժողովրդավարության հիմքը դա է»:

Մեղրիի, Սիսիանի ու Գորիսի համայնքապետերի դեմ ընտրություններից ամիսներ առաջ դեռ հարուցվել են քրեական գործեր։ Թե Փաշինյանի թիմակցի գրառումից ինչ հետևություն են արել, չցանկացան խոսել։ Մեղրիի համայնապետ Մխիթար Զաքարյանն ասաց՝ կարդացել է, մեկնաբանել չի ցանկանում, իսկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բոլոր հարցերին կանդրադառնա երկու օրից՝ ասուլիսով. - «Բոլոր հարցերին կպատասխանեմ»:

Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում էլ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է։ Այստեղ էլ ձայների մեծ տարբերությամբ առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ «Պատիվ ունեմ»-ը երկրորդ տեղում է, «Հայաստան» դաշինքը՝ երրորդ։ Դավիթ Համբարձումյանը զանգերին չպատասխանեց։

Անհասանելի էր նաև Արսեն Թորոսյանը։