ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքուն ակնկալում է, որ փոխվարչապետերի մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի գործունեությունը Հայաստանում նոր կառավարություն կազմելուց հետո:
Այդ մասին ասել է խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Նա «բավական արդյունավետ» է որակել եռակողմ խմբի աշխատանքը:
«Հայաստանում ընտրական գործընթաց է, ձևավորվում է նոր կառավարություն: Կարծում եմ, երբ այնտեղ դա կավարտվի՝ եռակողմ խումբը կվերսկսի աշխատանքը»,- ասել է Մուստաֆաևը:
Եռակողմ խումբը զբաղվում է անցած տասնամյակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ տարածաշրջանում արգելափակված կոմունիկացիաները վերաբացելու առաքելությամբ:
Երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ կազմելու որոշումն ընդունվել է Մոսկվայում 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում: Խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում: