Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր առավոտյան ժամանել է Բեռլին, որտեղ արդեն հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ: Նախատեսվում է, որ Բլինքենին կընդունի նաև կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք հուսով ենք, որ մինչև այս տարվա օգոստոս Միացյալ Նահանգների հետ կհասնենք փոխընդունելի համաձայնության «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ»,- ասել է Մաասը, նշելով, որ Գերմանիան խնդիրը քննարկում է նաև Ուկրաինայի հետ:
«Իհարկե, ես շատ եմ ուզում, որ մենք լավ արդյունքի հասնենք, և հուլիսին կանցլերի այցը Վաշինգտոն դա արձանագրելու ամենահարմար պահը կլինի, բայց, բնականաբար, չենք կարող դրանից կախված մնալ», - ասել է Բլինքենը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները պետք է օգոստոսին ևս մեկ անգամ անդրադառնա «Հյուսիսային հոսք-2» գազատարի հարցով պատժամիջոցներին, ուստի, նպատակահարմար կլինի, որ մինչ այդ ձեռք բերվեն փոխադարձ ընդունելի համաձայնություններ:
Բլինքենը Բեռլինում մասնակցելու է Լիբիայի հարցով միջազգային համաժողովին, ինչից հետո կմեկնի Փարիզ, Հռոմ և Վատիկան:
Իտալիայում՝ Բարի և Մատերա քաղաքներում, գումարվելու է «Մեծ քսանի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների խորհրդաժողովը: