Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնության կատարումն, այդ թվում՝ մարդասիրական հարցերի լուծումը:

Նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող թեմաներ:

«Անդրադարձ է եղել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների կատարմանը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծմանը: Ընդգծվել է երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ներդրումը հակամարտությունից հետո տարածաշրջանի զարգացման գործում:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Լավրովը և Բայրամովը գովեստով նշել են, որ չնայած կորոնավիրուսի համավարակի որոշակի բացասական ազդեցությանը, ռուս-ադրբեջանական երկկողմ կապերը հաջողությամբ զարգանում են, տնտեսական և առևտրային փոխգործակցությունն աճում է:

«Դրան, մասնավորապես, նպաստում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի որոշումների իրագործումն, ինչպես նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի վերջերս Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները»,- ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրությունում:

Մոսկվան և Բաքուն պայմանավորվել են շարունակել շփումները երկու երկրների արտաքին գերատեսչությունների մակարդակով: