Մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն սահմանագծից։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Աշխատանքներ են գնում ռուս գործընկերների տեղակայման հետ կապված, ընթացքի մեջ է, կկարգավորվի: Եռակողմ բանակցություններ են, որին զուգընթաց նաև գործընթաց է գնում», - նշեց նա:
Մարզպետի խոսքով` տեղորոշման գործընթացը կավարտվի, և մոտ ժամանակներս ռուս սահմանապահներ կտեղակայվեն, հավելեց, որ երկու կողմերի զինված ուժերը պետք է դիրքերից հետ քաշվեն:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց, որ հավելյալ պարզաբանում չունի. «Միայն այն է, ինչ մարզպետն ասել է»:
Հայաստանի տարածք Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով ներթափանցումից հետո Հայաստանի վարչապետն էր առաջարկել զորքերը հայելային եղանակով հետ քաշել սահմանից և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել։
Օրերս Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը։