ԿԸՀ-ն բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները` նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի կողմից, աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նա նույն օրը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել:
ԿԸՀ-ն այսօր հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է:
Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: