Դատավոր Շահվերդյանը պնդում է` իր գործունեությանը որևէ միջամտություն չի եղել

Դատավոր Մանվել Շահվերդյանը, ով երեկ քննության է առել Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ` փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված բողոքը, և ում որոշմամբ թեկնածուն ազատ է արձակվել, հաղորդում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

«Նշված բողոքն իմ կողմից քննվել և լուծվել է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` գործի հանգամանքները գնահատելով իմ ներքին համոզմամբ: Իմ գործունեությանը որևէ միջամտություն տեղի չի ունեցել», - ասված է նրա հաղորդման մեջ:

Ինչ վերաբերում է համացանցում տարածված այն տեղեկատվությանը, թե նրան խորհրդակցական սենյակից առևանգել և պահել են ԱԱԾ-ում, դատավորը որակել է որևէ աղերս չունեցող իրականության հետ:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինքի թեկնածուն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Պատգամավորի թեկնածուի փաստաբանները ձերբակալման դեմ բողոք էին ներկայացրել` պնդելով, որ դրա հիմքում որևէ փաստական տվյալ ու որևէ ողջամիտ դատողություն չկա։