Ոստիկանություն այցի ընթացքում արձանագրվել են տվյալներ անօրինական բերման ենթարկելու և այլ արարքների վերաբերյալ. ՄԻՊ-ը կդիմի դատախազություն

Փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը երեկ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ են ներկայացրել այն մասին, որ իրենց վստահորդներ, «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5 համակիրներ՝ 2 կին և 3 տղամարդ, օրենքի խախտմամբ նույն օրը բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին և բաժնում պահվում են առանց հիմքի:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն ահազանգի հիման վրա այց է իրականացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ ներկայացվել են պարզաբանումներ, որ «Հայաստան» դաշինքի համակիրները բերվել են կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով:


«Ոստիկանության բաժնում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից մի քանիսը և փաստաբանները նշել են, որ ոստիկանները բերման ենթարկված կանանցից մեկի նկատմամբ բերման ենթարկելիս ու բաժնում գտնվելու ընթացքում գործադրել են օրենքով արգելված վերաբերմունք: Մասնավորապես, կանանցից մեկին բերման են ենթարկել իր չափահաս որդու հետ միասին: Բերման ենթարկելիս կնոջը չի ներկայացվել որևէ պատճառ, նրան քաշքշել են և մի քանի ոստիկաններով հարկադրաբար մեքենայով բերման ենթարկել բաժին: Բաժնում նշված կնոջը պարբերաբար վիրավորել ու հայհոյել են, պահանջել են գրել այն, ինչ կասեն ոստիկանության ծառայողները: Այնուհետև, կնոջը սպառնացել են, որ իր հետ բերման ենթարկված որդու նկատմամբ կհարուցեն քրեական գործ ու կազատազրկեն, եթե ցուցմունքներ չտա՝ ոստիկանների նշած հարցերի շուրջ», - ասված է Պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ:


Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ կնոջ վատառողջ լինելու պատճառով հրավիրվել է «Շտապօգնության» բրիգադ: Այս մասին նշել են նաև բերման ենթարկված կինը և փաստաբանները:


Արդեն Ոստիկանության բաժնում փաստաբանն արձանագրել է, որ իր վերը նշված կին վստահորդը գտնվում է Ոստիկանության ծառայողների աշխատասենյակներից մեկում՝ 7-8 ոստիկանի ներկայությամբ, ովքեր վիրավորել են կնոջը և սպառնացել, որպեսզի ցուցմունքներ տա: Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ իրենց վստահորդի հետ առանձնազրույց ունենալու և նկարագրված արարքները բացառելուն ուղղված իրենց պահանջներին ի պատասխան, Ոստիկանները սկսել են իրենց ագրեսիվ պահել փաստաբանների նկատմամբ, վիրավորական արտահայտություններով են խոսել բոլոր փաստաբանների մասին և նշել, որ ոստիկաններն են որոշում, թե ով և ում հետ կարող է խոսել: Այնուհետև, ըստ ՄԻՊ-ի, փաստաբանին իր վստահորդի հետ առանձնազրույցի ու իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար տևական ժամանակ աշխատասենյակ չեն տրամադրել:


Բոլոր տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կուղարկվեն գլխավոր դատախազություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգի շրջանակում հարցին ընթացք տալու համար: