Դիտորդական առաքելություն իրականացնող խմբերը ստացել են ընտրակաշառքի բաժանման, ուղղորդումների վերաբերյալ ահազանգեր

«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, 20-ը հունիսի, 2021թ.

Ընտրակաշառքի բաժանման, ընտրողների կուտակումների ու ուղղորդումների վերաբերյալ ահազանգեր են դիտորդական առաքելություն իրականացնող խմբերը ստացել: Ընտրական գործընթացի մեկնարկը լարված համարեց դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդը»:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ երկարաժամկետ դիտորդների թիմը նաև գիշերն է ստիպված եղել աշխատել, և գիշերը նաև ունեցել ենք ահազանգեր ընտրակաշառքի հետ կապված, որոնց մասով հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել և շարունակում ենք դեռևս ներկայացնել իրավապահ մարմիններին: Մենք արդեն ունենք երկու հրաձգության դեպք: Մեկը՝ Արարատի մարզում, երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, և կրակել են դաշինքներից մեկի առաջին համարի մեքենայի ուղղությամբ», - ներկայացրեց նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Ավելի քան 200 ընտրատեղամասեր դիտարկող դիտորդական խմբի ներկայացուցչի խոսքով՝ արձանագրված խախտումները բավական շատ են. «19 ընտրական տեղամասերում ներկա է եղել միաժամանակ «Հայաստան» դաշինքի երեք վստահված անձ, 12 ընտրական տեղամասերում մեր դիտորդները նկատել են տեղամասերում գտնվող անձանց հագուստի վրա 24 թիվը գրված, ինչը որակում ենք որպես տեղամասում քարոզչություն «Հայաստան» դաշինքի օգտին»:

Նրա խոսքով՝ որոշ տեղամասերում առավոտյան դիտորդներն այսպես կորչված «տասովշիկների», ընտրությունները վերահսկող ու ուղղորդող անձանց են տեսել. «Այն տեղամասերում, որոնց տարածքի մասով մենք ունենք տեղեկություններ ընտրակաշառքի վերաբերյալ, այդ տեղամասերում առավոտյան մեր դիտորդները տեսան տասովշիկներին, և հենց այդ տեղամասերում ընտրողների կուտակումներ էր առավոտյան ժամը 8-ին: Ասեմ, որ ողջամտությունն այն է, որ առավոտյան ժամը 8-ին մարդը նախընտրում է խնել կիրակի առավոտյան»:

Ավելի ուշ Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ բազմաթիվ խախտումներ են արձանագրել նաև գործող իշխանությունների կողմից. «Օրինակ 8/28 տեղամասում «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձը սպառնում էր մեր դիտորդներին, նույն տեղամասի նախագահը խոչընդոտել է մեր դիտորդի աշխատանքը և այս մասով հանցագործության մասին հաղորդում ներկայացվել է իրավապահներին»:

Ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ահազանգերն, ըստ նրա, հիմնականում վերաբերում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին. «Համարյա բոլոր դեպքերը վերաբերում են «Հայաստան» դաշինքին, որոշ ավելի սակավաթիվ դեպքեր «Պատիվ ունեմ» դաշինքին, էլ ավելի սակավաթիվ դեպքեր «Բարգավաճ Հայաստանին»:

Դիտորդական առաքելություն իրականացնող մեկ այլ՝ «Ականատես» խումբը որոշ տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն է արձանագրել, խնդիրներ են արձանագրվել նաև չհրկիզվող պահարանների ու ընդհանուր կահավորման հարցերում:

«Ականատես» առաքելության մաս կազմող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանի փոխանցմամբ՝ օրվա ընթացքում դիտորդական խումբը ահազանգեր է ստացել ընտրողների կուտակումների ու նրանց ուղղորդելու վերաբերյալ. «Դրանք հիմնականում վերաբերում են կուտակումներին, քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտման հնարավոր դեպքերին, այսինքն տեղամասերի դասավորությունը կամ վստահված անձի, դիտորդի կամ հանձնաժողովի նախագահի տեղակայումը ռիսկեր է ստեղծում գաղտնի քվեարկության համար: Եղել են որոշակի ահազանգեր ընտրողների ուղղորդման վերաբերյալ, բայց ասեմ, որ հիմնականում ես կխուսափեմ դեպքերը մանրամասն նկարագրել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տվյալ պահին իրավաբանների կողմից այդ ահազանգերը ստուգման փուլում են»: