Պաշտպանության նախարարությունում մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում քվեարկության ընթացքում զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումների վերաբերյալ հրապարակումները: Նախարարությունը հայտարարում է, որ մինչ այս պահը եղած պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
«Ակնհայտ է, որ ուղղորդումների մասին պնդումները հիմնվում են բացառապես զինծառայողներին ընտրական տեղամասեր համակարգված կերպով բերելու փաստի վրա, իսկ հրապարակումներին կից տեսանյութերն ասվածի վկայությունն են. այդ տեսանյութերում ընդամենը պատկերված են ընտրական տեղամասերի մոտ գտնվող զինծառայողներ, իսկ ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են, որոնք զուրկ են որևէ հիմնավոր փաստարկից։
Ավելին, այս պահին առկա՝ ուղղորդումների վերաբերյալ հրապարակումներում նշված ընտրատեղամասերում, ընտրական հանձնաժողովների կողմից, զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումներ չեն արձանագրվել», - նշում է պաշտպանական գերատեչությունը։
Նախարարությունը նաև հիշեցնում է, որ ժամկետային զինծառայողներին քվեարկության համար խմբերով ընտրական տեղամասեր բերելը պայմանավորված է նրանց տեղաշարժը համակարգված կերպով իրականացնելու ծառայողական անհրաժեշտությամբ։