Լոռու մարզի բնակչուհի է ձերբակալվել՝ ընտրակաշառք տալու կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն:
«Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10 000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7.500 ՀՀ դրամ գումարը, եթե 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:
Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է: