Այսօր ժամը 8:30 ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն «Բարգավաճ Հայաստան» և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են:
Կատարվում է քննություն:
«Ազատության» հարցին, թե տուժածներ կա՞ն, Հայաստանի ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը պատասխանեց՝ իրենց տեղեկություններով մեկ քաղաքացի դիմել է բուժօգնության։ Այլ մանրամասներ Մկրտչյանը չհաղորդեց։