Վստահ ենք՝ հաղթահարելու ենք անցողիկ շեմը. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունում վստահ են՝ հաղթահարելու են անցողիկ շեմը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ինքնիշխան Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Սանասարյանը:

«Մեր վստահությունն ավելի է ամրապնդվել, երբ որ մենք շրջել ենք մարզերում, քաղաքներում: Վստահ ենք, որ ոչ միայն հաղթահարելու ենք շեմը, այլ լավ ներկայացված ենք լինելու խորհրդարանում», - հայտարարեց Սանասարյանը:

Թե քանի տոկոս քվե են ակնկալում ստանալ ընտրողներից, պատգամավորի թեկնածուն դժվարացավ նշել.«Մենք Սերժ Սարգսյանի նման չենք ասի՝ ինչքան ուզենք կխփենք, մենք հարգում ենք մեր քաղաքացիներին, նրանց ընտրությունը, նրանց որոշումը: Տոկոսներ, բնականաբար, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել՝ չկա մի տեղ, որտեղ մենք եղել ենք ու ջերմ ընդունելության ու մեզ վստահություն տվող դեմքեր ժպիտներ չենք ստացել: Կարծում ենք, որ քաղաքացին ներկաներից ու նախկիններից դուրս կունենա իր վստահելի նվիրյալների թիմը, ովքեր կներկայացնեն իրեն Ազգային ժողովում, կառավարությունում, որքան որ քվե կտա»:

«Ամենաքիչ ֆինանսական միջոցներ ունեցող քաղաքական ուժն է, ամենաաղքատը կարելի է ասել, որովհետև մենք շատ քիչ գումար ենք ծախսել՝ մոտավոր հնարավոր է 3 միլիոնի կարգի: Քաղաքական ուժերը մի ժամում կամ մի քանի րոպեում են դա ծախսում: Ես սա համարում եմ իշխանության գլխավոր բացթողումներից մեկը, որ խոսք էին տվել, որ Ընտրական օրենսգիրքը կփոխեն հաջորդ ընտրության համար, մենք հաջորդ ընտրության շեմին ենք, այդ վատ խաղի կանոններով ենք մասնակցում ընտրարշավին ու տեսնում ենք, թե ինչ ահռելի գումարներ են ծախսվում քաղաքական ուժերի կողմից», - նշեց Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ունեցել են ֆինանսական կարողություններ ունեցող մարդկանց կողմից առաջարկներ, սակայն չեն ընդունել. «Մենք ընտրել ենք մեր սկզբունքայնությունը, չենք գնացել այդ ֆինանսները հայթայթելու հետևից: Մենք որևէ մեկից կախվածություն չենք կարող ունենալ, միակ կախվածությունը մեր քաղաքացուց է, որ միշտ պետք է լինի մեր պատվեր տվողը»:

Ինձ հասավ տեղեկություն, որ բանակի ներկայացուցիչները խնդրել են, որ ՊՎԾ-ն չմտնի բանակ. Դավիթ Սանասարյան

Անդրադառնալով օգտատերերի հարցերին, թե ՊՎԾ պետ նշանակվելուց հետո ինչո՞ւ ստուգումներ չարեց ուժային կառույցներում, այդ թվում նաև Պաշտպանության նախարարությունում, Սանասարյանն արձագանքեց. «Երբ նշանակվեցի ՊՎԾ պետ, առաջին պայմանավորվածությունը, որ եղավ Նիկոլ Փաշինյանի հետ, այն էր, որ քանի որ բանակը տարիներ շարունակ թալանվել է, ճիշտ կլինի, որ առաջին հերթին մաքրենք բանակը կոռուպցիոներներից, հասկանանք, թե մեր միջոցները ինչպես են օգտագործվում, վարչապետն այն ժամանակ խնդիր էր բարձրացնում, օրինակ, կապված հագուստի հետ, բայց ավելի կարևոր հարցեր կային, քան դա էր, դա սպառազինության հարցն էր: Անցավ կարճ ժամանակ ինձ հասավ տեղեկություն, որ այն ժամանակվա բանակի ներկայացուցիչները խնդրել են, որ ՊՎԾ-ն չմտնի բանակ, որովհետև մենք պատերազմի նախաշեմին ենք ու ճիշտ չի լինի, որ մեր սպայական կազմը քրեական գործերով անցնի: Իմ համար անսպասելիորեն՝ վարչապետն ասաց, որ թող մնա հետո, բայց մինչև այդ համաձայնություն տվել էր, ՊՎԾ մասին օրենքով վարչապետը պետք է համաձայնություն տար»:

Հարցին, թե ինչո՞ւ է նման բան ասել վարչապետը, Սանասարյանը պատասխանեց. «Որ այս պահին հասկանանք ինչ է, այլ իրավապահ մարմիններ այնտեղ աշխատանք են տանում, բայց իմ իմացած տեղեկություններով բանակի կողմից է եղել այդ ընդդիմացումը, խնդրել են, որ ՊՎԾ-ն չմտնի, իսկ ՊՎԾ-ի լիազորությունները չուներ որևիցե կառույց: Պետական որևէ կառույց չէր կարող ավելի խորքային իմանալ, թե ինչ խնդիր կար բանակում»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև.