Փաշինյանի «երեկվա հավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ»․ Թաթոյանը սա «խիստ վտանգավոր և դատապարտելի երևույթ» է համարում

Լուսանկարը՝ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր նաև բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը, այսօր հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հրապարակելով հավաքի մշտադիտարկման արդյունքները։

Պաշտպանը սա խիստ վտանգավոր և բացարձակ դատապարտելի երևույթ է համարել:

«Մուրճով մարդկանց առկայությունը երեկվա հավաքին հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով: Հավաքն ուղիղ եթերով հեռարձակվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ու մինչև հիմա էլ առկա է այդ էջում, որտեղ մուրճով մարդիկ երևում են 1 ժամ 16-րդ րոպեի 39-րդ վայրկյանից: Ավելին, հավաքի մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Անգամ հնչել են մուրճերը կվալդով փոխարինելու կոչեր», - հայտարարել է Թաթոյանն՝ ընդգծելով՝ «ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ»:

Պաշտպանի պնդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը «պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով, որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները»:

Թաթոյանը կոչ է անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք կամ համեմատություններ անել:

«Ոստիկանությունը պետք է լինի առավել զգոն և մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն իրական կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ ընթացքին», - ասված է հայտարարությունում: