Զախարովայի պնդմամբ` «լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նվազում է»

ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է, թե լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում թուլացել է:

«Անցած շաբաթների ընթացում ընդհանուր հաշվով հաջողվել է նվազեցնել լարվածությունը, սահմանային վեճի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է գործադրել միջնորդական ակտիվ ջանքեր, որոնց նպատակն է մեղմել իրավիճակը:

«Արտաքին և պաշտպանության գերատեսչությունների մակարդակով Բաքվի և Երևանի հետ հաստատվել են սերտ շփումներ: Խնդրի կայուն և երկարատև լուծում ենք համարում երկու երկրների միջև սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքի արագ մեկնարկը: Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք կողմերին աջակցել այդ հարցում»,- ասել է Զախարովան:

Իրավիճակը երկու երկրների սահմանին սրվել է հատկապես մայիսի 12-ից սկսած, այն բանից հետո, երբ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի ուղղություններով հատել են Հայաստանի սահմանը և սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, պնդելով, թե, իբր, գտնվում են իրենց տարածքում:

Արձագանքելով Ադրբեջանի և Թուրքիայի բարձր մակարդակով վերջին շփումների մասին հարցին` Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե «Բաքվի և երրորդ երկրների շփումների հարցը պետք չէ խառնել ղարաբաղյան կարգավորման թեմայի հետ»: