Վարչապետի պաշտոնակատարի օգնականը հակադարձում է՝ «հազարից ավելի անհետ կորած ունեցել ենք նոյեմբերի դրությամբ»

Հազարից ավելի անհետ կորածներ եղել են նոյեմբերի դրությամբ, այս պահին 275-ն են, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ հակադարձելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Հազարից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ, հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին և նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ», - ասաց Նաիրի Սարգսյանը։

Երեկ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում հայտարարեց՝ ապրիլին կառավարությանը զեկուցվել է, որ անհետ կորածների թիվը 1064 է, իսկ Ազգային ժողովում հայտարարվել է 321 անհետ կորածի մասին։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին. Զինվորների ապահովագրության հիմնադրամը ապրիլ ամսին զեկուցում է Կառավարությանը, որ անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարում է, որ անհետ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Նաիրի Սարգսյանն այսօր պարզաբանեց․ - «Հիմնադրամը հրապարակում է այն թիվը, ում հիմնադրամից աջակցություն է տրամադրվել ամսական 300 հազար դրամ այն ժամանակահատվածի համար, երբ մեր զինծառայողներն անհետ կորած են եղել, դրա համար այդ թիվը մեծ է։ Մի պահ կգա, որ գուցե անհետ կորած չենք ունենա, բայց այդ թիվը կմնա 1000-ից ավելի, որ այդքան մարդ ստացել է ամսական աջակցություն, դա չի նշանակում, որ այս պահին էլ ունենք այդքան անհետ կորած»։

Երեկ երրորդ նախագահի հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն հաղորդեց՝ անհետ կորածների պաշտոնական թիվը՝ երեկվա դրությամբ 275 է:

«Հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը»,- ասված է հաղորդագրությունում։