Ոչ ոք միայնակ չի կարող հաղթել Փաշինյանին. Արմեն Աշոտյան

«Ազատության» հյուրն է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ազատություն»․ - Ի՞նչ եք մտածում, երբ Հանրապետական կուսակցության նախկին բարձրաստիճան ներկայացուցիչները սատարում են ձեր քաղաքական մրցակցին՝ Ռոբերտ Քոչարյանին։ Խոսքը Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Ալիկ Սարգսյանի, բազմաթիվ այլ մարդկանց մասին է։

Աշոտյան․ - Անկեղծ ասած, չեմ մտածել այդ հարցի ուղղությամբ։ Որովհետև 2018 թվականի իրադարձություններից հետո Հանրապետականը մի շարք կադրային տրանսֆորմացիաների ենթարկվեց։ Բոլորս շատ լավ հիշում ենք։ Մենք զտվեցինք, եղան մարդիկ, որոնք մեզ նորմալ հրաժեշտ տվեցին․․․ օրինակ, Կարեն Կարապետյանը։ Սպասեց խորհրդարանական ընտրությունները եղան 2018 թվականի, հետո հայտարարեց, որ դուրս է գալիս։ Բացարձակ էդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Բայց հետաքրքիր բան է․ մենք փաստորեն մեր քաղաքական դաշտի ամենալուրջ մատակարարն ենք։ Ես ինձ բռնեցի էդ մտքի վրա։ Որովհետև նախկին հանրապետականներ կարող եք գտնել նույն ՔՊ-ական ցուցակում, կարող եք գտնել Հանրապետականի հետ աշխատած մարդկանց այլ ցուցակներում։ Այսինքն՝ մենք եղել ենք և կանք փաստորեն կադրային դարբնոցը։ Հայաստանի քաղաքականության կադրային դարբնոցը այլևս Հանրապետականն է։ Սա լավ թեզ է։ Հանրապետականը житница политического поля: Շատ էլ ինադու ռուսերեն ասեմ ձեր տաղավարում։

«Ազատություն»․ - Դուք մշտապես ռուսերեն եք մեջբերում։

Աշոտյան․ - Չէ, էսօր անգլերեն բառեր էլ ասեցի, պարզապես չլսելու տվեցիք։

«Ազատություն»․ - Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս քարոզարշավի ժամանակ անուղղակի և ուղղակի էլ անընդհատ քննադատում է Հանրապետականին։ Օրինակ, վերջերս Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանը անգամ հայտարարեց՝ եթե այդ նախկինների․․․ եթե այդ ամենը չլիներ՝ սխալները նախորդ տարիների, ենթադրաբար 18 թվականի ապրիլյանի իրադարձությունները ևս չէին լինի։ Ինչո՞ւ է Քոչարյանը քննադատում ձեզ։

Աշոտյան․ - Ռոբերտ Քոչարյանը մշտապես երբ որ համաձայն չի եղել մեզ հետ, դա արտահայտել է 2008-ից հետո։ Այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների ժամանակ էր արտահայտվում, այլ առիթներով։ Մի քանի անգամ էս տասը տարվա մեջ նախորդ նա արտահայտվել է, և ոչ մի արտառոց բան էստեղ չկա։ Տալիս է իր գնահատականները, որոնց հետ ես համաձայն չեմ բնականաբար, բայց էդքան իմաստնություն կունենամ նախընտրական արշավի վերջին երեք օրերի մեջ պահպանել իրական ընդդիմադիր դաշտի գոնե չգրված համերաշխությունը ջենտլմենական և չծախսել այս օրերը ինչ-որ ներընդդիմադիր քաղաքական, քաղաքագիտական խոսակցությունների վրա։ Որովհետև բոլորիս միավորում է մեկ նպատակ՝ դավադիր․․․ պետք է հեռացվի։

«Ազատություն»․ - Եթե միավորում է այդ նպատակը, ինչո՞ւ չմիավորվեցիք։

Աշոտյան․ - Շատ պարզ։ Որովհետև կա ռազմավարության ընտրության խնդիր, և ինչպես արդեն ասեցի դաշինքի վրա մեր օրինակը բերելով, բայց այստեղ կարող եմ ավելի մեծ դաշտի վրա օրինակը բերել․ տարբեր շարասյուներով, տարբեր բևեռներով գնալու դեպքում մենք ավելի մեծ հնարավորություն ենք ստանում․․․

«Ազատություն»․ - Բայց պառակտում եք ընդդիմադիր զանգվածը․․․

Աշոտյան․ - Չէ, չէ, դա պրիմիտիվ է։ Ի՞նչն ենք պառակտում․․․ Կան մարդիկ, որոնք Սերժ Սարգսյան կընտրեն, Քոչարյան չեն ընտրի, կան մարդիկ, ովքեր Քոչարյան կընտրեն, Սերժ Սարգսյան չեն ընտրի։ Կան տարբեր մարդիկ։ Հետևաբար այդ հանրային ամբողջական սպեկտրը, որը դժգոհ է Նիկոլից, ներգրավելու համար․․․ ազատվելու գործընթացին, էս ռազմավարությունը ամենաճիշտն էր։ Որովհետև էս դեպքում ձայների մեխանիկական գումարում տեղի չի ունենում, որովհետև էլեկտորատ ա կորում։ Կային մարդիկ, ովքեր Հանրապետականի խաթր չէին ընտրի այդ մեծ դաշինքը, և կային մարդիկ, ովքեր Դաշնակցության պատճառով չէին ընտրի էդ դաշինքը։ Հետևաբար դա արդեն մեր խնդիրն է, էլեկտորալ տեխնոլոգիայի հարց է։ Կարևորը, որ, ցավոք սրտի, ոչ ոք մենակով չի հաղթելու Նիկոլին։ Էս ակնհայտ ա։ Էս ակնհայտ էր իմ համար վաղուց։ Մենակով ոչ ոք չի հաղթելու, և շատ կարևոր ա համադրել էս ջանքերը, որպեսզի մենք ունենանք հայ ժողովրդի արժանապատվությանը հարիր արդյունք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․