Ryanair-ը կողմ չէ Բելառուսի օդային տարածքում թռիչքների երկարաժամկետ արգելքին

Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ'Լիրի, արխիվ

Ryanair-ը կողմ չէ Բելառուսի օդային տարածքում թռիչքների երկարաժամկետ արգելքին, երեկ ասել է ավիաընկերության գործադիր տնօրենը՝ միջազգային հանրությանը հորդորելով երկրից պահանջել երաշխիքներ, որ մայիսի 23-ին տեղի ունեցածի նման իրավիճակներ այլևս չեն կրկնվի:

Մայքլ Օ'Լիրին թեև կողմ է սահմանված պատժամիջոցներին, բայց կարծում է, որ երկարաժամկետ հեռանկարում ավիափոխադրողներին անհրաժեշտ է անսահմանափակ մուտք ունենալ դեպի այդ օդային տարածք:

Մայիսի 23-ին Բելառուսը կործանիչներ բարձրացնելով ստիպեց, որպեսզի Ryanair-ի ինքնաթիռը վայրէջք կատարի Մինսկում: Օդանավում գտնվում էր ընդդիմադիր լրագրող, որը հետագայում ձերբակալվեց: Արևմուտքը խստորեն դատապարտեց տեղի ունեցածը, պատժամիջոցներ սահմանեց Բելառուսի նկատմամբ:

Այժմ բելառուսական փոխադրողներին արգելվում է թռչել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի տարածքների վրայով, իսկ ԵՄ և Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրահանգել են իրենց ինքնաթիռների անձնակազմերին խուսափել Բելառուսի օդային տարածքից՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտություն ներկայացնող դեպքերի:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը հետաքննում է արտակարգ վայրէջքի դեպքը և երկու շաբաթվա ընթացքում պետք է զեկուցի արդյունքների մասին: